Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ովքեր համաձայն չեն մեր ունեցած կարծիքների հետ, նրանց համար իհարկե արդյունքն էլ սխալ կլինի և ոչ ընդունելի։ Մենք կարճ կանենք մեր գնահատությունը, որ փոքր ինչ երկար կարողանանք կանգ առնել մանկական գրականության լեզվի վրա։

* * *

Մեր պարզած տեսակետներից նայելով՝ տիկ. Կոստանյանի թարգմանած գրքույկների մեջ մեզ դուր եկան և հարմար ենք դատում մանուկների համար. Գրիմմի «Հարուստն ու աղքատը»[1], «Սպիտակ օձը», Պաուլ Առնոլդի «Թռչնիկը» և «Չինական առասպելները»։ Մնացածները մեր վերը ասած սովորական ոգով են գրված և կկարդացվին, ինչպես կարդացվում են նույնանման հեքիաթներն ու պատմվածքները։

* * *

Մեր մանկական գրականության լեզուն ոչ միայն օրինակելի հայերեն չէ, այլև շատ վատ հայերեն է, ավելի ճիշտն ասած՝ հազիվ հայերեն է։ Այդ երևույթը շատ պատճառների արդյունք է, որոնցից մի քանի կարևորները մեր կարծիքով սրանք են։ Թարգմանիչներն ու գրական հետաքրքրություն ունեցողները սնվում են օտար գրականության արտադրություններով. և որովհետև այդ սնունդը փափուկ հասակից է սկսվում և շարունակվում է, կարելի է ասել անընդհատ, ուստի նրանք կորցնում են սրտի ու մտքի հարազատությունը և թե զգում, թե մտածում են օտարի նման, պարզ է, որ այդ զգալն ու մտածելը իր արտահայտությունների վրա շատ է ազդում և դրանք էլ անհարազատ են դուրս գալիս։ Այս հանգամանքը շատ ավելի լայն ծավալ ունի և շատ ավելի երևույթներ է ընդգրկում, քան թե սկզբից թվում է, բայց մեր խոսքը նրա՝ մանկական գրականության համար ունեցած նշանակության մասին է։ Այսպես, ուրեմն, առաջին պատճառը ազդում ու դեր է խաղում անկախ նրան ենթարկվածների ցանկությունից։

Մանկությունից օտարացածը հետո միայն խելքով գալիս է հայրենի խոսքին ու մտքին կպչելու և դիմում է մեր գրականության ու մամուլին, որ ինքն ևս իր կողմից հարազատություն քիչ ունի։ Այսպիսով մատաղ հասակի արածը շարունակում է գիտակցության շրջանը։ Ղեկավարի պակասությունը գալիս բարդում է եղած դրությունը և հեռու տանում հարազատության մոտենալու հնարավորությունը։ Եվ հետո այդ պայմաններում աճած գործիչների արտադրություններին

  1. Նույն հեքիաթի մի վարիանտը կա նաև «Հյուսիսափայլում», 1858 թ., № 3։