Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կայսրերն ու դիվանագետները, հրամանատարներն ու զինվորները, պատերազմի ժխորը և գյուղացու խաղաղ խրճիթը, բանտը և պալատը, սովն ու լիությունը, տգետն ու մտավորականը և որ մեկը հիշես, բոլորը տեղ են գտել նրա լայնածավալ վեպերում։

Մարդն իր բոլոր հասակներուն՝ ծնունդ, մանկություն, արբունք, այրություն, ծերություն. իր բոլոր վիճակներուն՝ հիվանդ և առողջ, սիրահարված և սիրաթափ, ամուրի և ամուսնացած, երջանիկ և ապերջանիկ, նորմալ և աննորմալ, իր բոլոր տիպերով՝ կենսուրախը և մռայլը, նեղամիտն ու լայնախոհը, կամքոտը և թուլակամը, երազողը և իրապաշտը, մեծահոգին, անձնվերը և ճառականը և ուրիշներ, շարան-շարան անցնում են ձեր աչքի առաջ։

Նրա խուզարկու միտքը աշխատել է մեկնել կյանքի այլազան և տարաբնույթ երևույթները, անհատական և խմբական հոգեբանության դժվարին կնճիռները, անհատի և հասարակության փոխադարձ կանխումները. կնոջ և տղամարդու փոխհարաբերությունները, բոլոր հասակներուն և բոլոր ձևերով՝ թե իբրև բարեկամ, թե իբրև ծնող ու որդիներ։ Հավասար վարպետությամբ նա ցուցադրում է ընկերությունը և բնությունը մի կողմից և առանձին անհատը մյուս կողմից՝ իրենց առնչություններով։ Պատմության գումար երևույթները նա անդամահատում է անջատ պատահարների, մանր դեպքերի, ժխորի մեջ ջոկում է հատ-հատ դեմքերը, շարժումների մեջ հատ-հատ դրդիչները և այդ ամենը պատկերացնում է այնպես կենդանի և որոշ, որ միանգամայն ստանում ես թե ընդհանուրը և թե մասնավորը։

Հատորներ պետք է գրել խոսելու համար նրա ստեղծած կանացի և այր կարկառուն դեմքերի մասին, որոշելու համար նրանց հասարակական և գեղարվեստական արժեքը, ցուցադրելու և համակարգելու համար Տոլստոյի հիմնական գաղափարները և վերլուծելու համար նրա ստեղծագործող ահագին տաղանդը։

Ահա թե ինչո՞ւ մենք կամովին սահմանափակում ենք մեր ասելիքը, կանգ առնելով Տոլստոյի վրա իբրև մի տիպի և աշխատելով ներշնչել ընթերցողին այն տպավորությունը, որ այդ հսկան անուն է մեզ վրա։

Ուշադրությամբ դիտելով Տոլստոյի կյանքն ու գործունեությունը սկզբից մինչև այսօր, մենք նկատում ենք մի հոյակապ և անընդհատ աճում։ Յուրատեսակ հստակ վճարելով ժամանակի զորեղ հոսանքներին և թույլ կապվելով պատմության որոշ շրջաններին, Տոլստոյը ընդհանուր առմամբ մնում է մի զորեղ անհատ, որ անշեղ հետևում է իր ներքին մղումին և աճում ու զարգանում է ինչպես մի ծառ, միշտ ավելի լայն