Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ, անկասկած, իրանց պատճառներն ունեն, նրանք հետևանք են ժառանգականության և սոցիալական պայմանների։ Կան դեպքեր՝ ուր այդ երկու պատճառները միասին են առաջ բերում ոճիրը կամ հանցանքը։ Կան դեպքեր՝ ուր առանձին-առանձին։ Այսինքն՝ երբեմն մարդը ծնված է և՛ ոճրագործական հակումներով, և՛ շրջապատող պայմանները նպաստում են այն հակման զարգանալուն, երբեմն էլ մարդ բոլորովին հակված չէ ոճրագործության, բայց կյանքի պայմանները ստիպում են նրան ոճրագործություն անել։ Լավ ըմբռնել ոճրագործության հանցագործության գլխավոր և բուն պատճառներն ու աշխատել նրանց հեռացնել, ահա մեր դարի մեծ խնդիրներից մեկը։

Կորոլենկոյի ոճրագործը ակամա մարդասպան է, նա հակված չէ ամենևին մարդասպանության, բայց և այնպես ոճիր է գործում. նրան դրդողը մի շարք ուժեղ ու բարդ տպավորությունների կուտակումն է։ Բայց ասենք ինչումն է բանը։ Գյուղացի Ֆյոդորը մի շարք ծանր դեպքերի ազդեցության տակ (մարդկանց անարդարությունը, կնոջ ու աղջկա մի օրվա մեջ մեռնելը) կորցրել է իր հին հավատը, նորը չի ձեռք բերել, իր խելքին այնքան էլ հավատ չի ընծայում, մի ցուպ առած ձեռքը, գնում է թափառելու այս ու այն կողմ. տեսնի՝ ինչպես են մարդիկ ապրում, Աստծուն աղոթք անում, ի՞նչ հավատի են, փնտրում է շիտակ մարդիկ։ Աշխարհից պոկվելու համար իր կամքով կալանավոր է դառնում և ծանոթանում է մինչև ոսկրները ծծված մի ոճրագործի հետ, որ իր արտաքինով մեծ տպավորություն է անում նրա վրա։ Ոճրագործը ծեր էր, միշտ աղոթում էր. իսկ և իսկ մի սուրբ։ Ծեր աղվեսը օգտվելով նրա մաքուր, մանկական սրտից ու հավատից, երդումով նրան կապում է իր հետ և ահա, մի քանի ժամանակից հետո, ազատվելով բանտից, Ֆյոդորը հայտնվում է մեծ ճանապարհի վրա գտնվող ավազակների որջում, առանց մի րոպե կասկածելու, որ լավ մարդկանց շրջանում չի, մանավանդ որ շրջապատողները «թութուն և արաղ բերանները չեն առնում»։ Մի դեպք կասկած է զարթեցնում Ֆյոդորի սրտում և նա սկսում է չհավատալ Կռնատի (ծեր ոճրագործի) լավ մարդ լինելուն։ Նույն այն երեկոյան, երբ պատահում է կասկած զարթեցնող դեպքը, Ֆյոդորին «բանի են դնում», նա պետք է գիշերով մի ջահել և հարուստ տիկնոջ իր երեք փոքր երեխաների հետ տանի հետևյալ կայարանը։ Մի ինչ-որ մութ կասկած ընկել է նրա սիրտը։ Մոտենում են անտառապատ ճանապարհի ամենավատ տեղին։ Ֆյոդորը նկատում է, որ Կռնատը ձիով կանգնեց իր առաջ։ (Սպանության տեսարանը հիանալի է) Կռնատը պատվիրում է նրան ցած իջնել կառքից, տալիս է նրա ձեռքը կացին և առաջարկում է