Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպանել առաջ կնոջը, ապա նրա փոքրիկներին։ Երևակայեցեք Ֆյոդորի դրությունը, մաքուր սրտի, առանց ոճրագործական հակումների տեր մարդ, որին հանգամանքների անսպասելի բարդումը ստիպում է մարդ սպանել. նայում է կառքի մեջ, կինը «աղունիկի» պես նստած է, երեխաները մեկը մյուսից փոքր (մեծը 4 տարեկան) «ճնճղուկների» նման նայում են իրար վրա։ Հետ է նայում, այնտեղ կանգնած է Կռնատը, որի հետ կապված է երդումով և պարտավոր է հնազանդել։ Ի՞նչ անի։ Այդ տատանական դրությանը հաջորդում է վճռականությունը, Ֆյոդորի սիրտը հակում է անմեղի կողմը և Կռնատը տապալված է։

Խնդրում ենք ընթերցողին աչքի առաջ ունենալ բոլոր հանգամանքները և ասել, մեղավոր է Ֆյոդորը՝ թե ոչ։ Անկասկած ոչ։ Բայց տեսեք, որ խեղճը մի քանի ամիս նստում է բանտում, որովհետև դատավորի ասելով «հիմար» է և որ «օրենքը երկու միտք ունի»։ Եթե ազատված կինն ու իր ամուսինը օգնության չհասնեին, ով գիտե խեղճ Ֆյոդորը աքսոր էլ գնար...

Փոքրիկ պատմություն է, բայց խոր տպավորություն է անում և երբ սկսում եք մտածել նկարագրած դեպքի հիմնական պատճառների մասին, հղանում են ձեր մեջ մի շարք մտքեր մարդկանց փոխադարձ հարաբերություններին վերաբերող, ինչպես են նրանք և ինչպես պիտի լինեն, իսկ այդ հարցերից ամեն մեկն էլ ճյուղավորվում է բազմաթիվ ուրիշ հարցերի։ Խորհուրդ ենք տալիս ձեռք բերել այս փոքրիկ գրքույկը, նա ընթերցողների մտքին զարկ կտա. մանավանդ որ գրվածքը լավ է և թարգմանությունը «հայերեն» (ասում ենք հայերեն, որովհետև մեզանում մի շարք թարգմանություններ են լույս տեսնում, որոնք հայերեն չեն)։

Անցնենք «Գետնափորի երեխաներին»։ Մի փոքրիկ քաղաքի բարի դատավորի որդին՝ Վասյան, ապրում է հոր հսկողությունից կատարելապես ազատ, որովհետև հայրը Վասյայի մոր մահից հետո ընկել է մի տեսակ անտարբերության մեջ։ Որդին թափառում է փողոցներում, ման է գալիս ամեն տեղ, մտնում է ամեն ծակ ու ծուկ։ Քաղաքից դուրս մի մատուռի գետնափորում ապրում են երկու խորհրդավոր ծագումի տեր մուրացկաններ, նրանց հետ էլ երկու երեխա. մեկը՝ տղա, ինն տարեկան, իսկ մյուսը՝ աղջիկ, չորս տարեկան։ Հասակավոր մուրացկաններից մեկը, Տբուրցին կոչվող, մի հասկացող մարդ է, որին կյանքը սղմել է իր երկաթե բազուկներով և որը երբեմն, երեխաներին պահելու համար, անազնիվ ճանապարհով հաց է ձեռք բերում։ Նույն ճանապարհի վրա է նաև փոքրիկ տղան՝ Վալեկը, որ հաց է «թռցնում» իր ընկերուհու՝ փոքրիկ