Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարուսինկայի համար: Դատավորի որդին պատահմամբ ծանոթանում է այս աղքատ երեխաների հետ, նրանց համար խնձորներ է բերում իրանց պարտեզից։ Նրանց շրջանում իրեն լավ է զգում, որովհետև ոչ ոք չի հանդիմանում՝ թե անպիտան՝ փչացած տղա է, մինչ դեռ տանն այնքան են ասել, որ ոչ միայն հայրը, այլև ինքն է սկսել հավատալ։ Չկարողանալով տանել աշնան ցուրտ ու մռայլ օրերը, գետնափորի խոնավ օդը, ցնցոտիներով թաց հատակին պառկելը, փոքրիկ աղջիկը հիվանդանում է։ Վասյան ու Վալեկը միշտ աշխատում են զբաղեցնել փոքրիկին։ Մի օր էլ Վասյան իր քույր Սոնայից ժամանակավորապես խնդրում է նրա խաղատիկնիկը և բերում հիվանդին։ Հիվանդը շատ է ուրախանում, բայց այդ ուրախությունը երկար չի տևում։ Դատավորի տանը բանի հոտն առնում են, հայրը Վասյային թույլ չի տալիս տանից դուրս գալ։ Վերջապես մի օր, երբ դատավորը խիստ կերպով հարցեր է տալիս իր որդուն խաղատիկնիկի մասին, ներս է մտնում Տբուրցինը՝ մուրացկանը և պատմում բանի էությունը, հայտնում է, որ հիվանդ աղջիկն արդեն մեռել է և դարձնում է խաղատիկնիկը։ Դատավորի աչքերը բացվում են, նա առաջին անգամ հայրական գգվանքով նայում է որդու վրա և ոչ միայն թույլ է տալիս գնալ գետնափորը՝ մեռած աղջկան տեսնելու, այլև մի քանի թղթադրամ է տալիս աղքատներին հանձնելու համար։ Փոքրիկ աղջկան թաղելուց հետո խորհրդավոր աղքատները ուր որ անհայտանում են, իսկ Վասյան և իր քույրը շատ անգամ գնում են Մարուսինկայի գերեզմանի մոտ, գիրք կարդում, խոսում, հայտնում միմյանց խոհերը և ապագայի ծրագիրներ մշակում ... Ահա և բոլորը։ Կարդալուց հետո հարց է ծագում, ի՞նչու խեղճ Մարուսինկան այնպես շուտ, ծաղիկ հասակում, աղքատության մեջ պիտի մեռներ, ինչու Տբուրցինի պես հասկացող և զարգացած մարդը պիտի անազնիվ ճանապարհների դիմեր երկու երեխա պահելու համար, ինչու Վալեկը, դեռ նոր կյանքի ուղին ոտ դնելիս, պիտի գողություն աներ, գուցե շարունակելով վերջը բնավորություն դարձներ, բանտ նստեր և այլն, և այլն։ Եվ դարձյալ մեր առաջ կանգնում են մարդկանց փոխադարձ հարաբերությունների մեծ խնդիրները ․․․

Թարգմանության տպավորությունը թույլ է։ Երկու գրքի ընտրողն ու հրատարակողը Հրատարակչական ընկերությունն է։

Մուրճ, 1896, № 10-11, էջ 1355-1359