Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարծեք հեղինակն ուզում է ասել. «Խոսք չունեմ, դուք գիտուն եք, գուցե զարգացած, բայց հազիվ թե պ. Պեգոտտու չափ անձնազոհ լինեք և սիրող սիրտ ունենաք»։ Երկրորդ գիծը, որ համակրողների և նույնիսկ երկրպագուների մի մեծ շրջան է ստեղծում Դիկկենսի համար, այդ հասարակ ժողովրդին սիրելն ու համակրելն է։

Բոլոր թշվառները, կյանքի խորթ որդիները, աղքատներն ու դժբախտները, հալածվածներն ու անօգնականները, դրանց հետ էլ մանուկները, որպես անպաշտպան արարածներ, Դիկկենսի սիրելիներն են. սիրով է կանգ առնում նրանց վիճակը նկարագրելու, նրանց թշվառություններն ու նեղությունները ցույց տալու, համակրանք և սեր է զարթեցնում ձեր մեջ դեպի այդ խեղճերը։ Այս կողմից Դիկկենսին կարելի է անվանել թշվառների բարեկամ, իր գրվածների մեջ նա շատ անգամ է վեպի ընթացքը թողել և ջերմ էջեր նվիրել իր թշվառ սիրելիներին։

Ագնեսսան՝ Կոպպերֆիլդի նշանածը, ասում է նրան. «Հիշեցեք, որ իմ հույսս անկեղծ սիրո և ճշմարտության վրա, անդրդվելի և հաստատուն է»։ Այս խոսքերը նույնպես շատ բնորոշ են Դիկկենսի համար, նրա հույսն էլ «անկեղծ սիրո և ճշմարտության վրա անդրդվելի է», նրա բոլոր վեպերը տոգորված են այդ հավատով. նրան նայած՝ կյանքում երբեք կեղծ սերն ու սուտը չեն հաղթում, նա չի տեսնում այդ. ընդհակառակը բոլոր չարերը պատժվում են, բարիները երջանկանում, բարի մարդիկ, ճշմարտասեր և անկեղծ սիրո ընդունակ մարդիկ նրա վեպերում, նույնիսկ աղքատության ճանկերում, երջանիկ են, լավ են, հոգեկան հանգստություն ունեն, մինչդեռ հակառակ տիպարի մարդիկ դաժան են, անհանգիստ խիղճ ունեն, դժբախտ են։ Այս վեպում կեղծավոր, չոր ու խաբեբա Գիպը վերջը պատժվում է. իսկ Ագնեսասյի անկեղծ սերն ու ճշմարտությունը հաղթում են ամեն արգելք։

Մի այլ աչքի ընկնող հատկությունն էլ այն է, որ նա սիրահար է փոխադարձ սիրո վրա հիմնված ընտանեկան կյանքի։ Ի՞նչ հիացմունքով է նկարագրում նա իր բոլոր վեպերում այդ կյանքը, ի՞նչ բանաստեղծական կահավորություն, ի՞նչ լույս ու ջերմություն. մանավանդ երբ ջահել ամուսինների կյանքն է պատկերացնում։ Ընտանեկան կյանքի այդ պաշտամունքը, որ հատուկ է Դիկկենսին, Տենը բացատրում է այն հանգամանքով, որ Դիկկենսը մի տեսակ հայելի է, որ ցոլացնում է Անգլիական հասարակաց կարծիքը առանց քննադատելու նրան, իսկ անգլիացիները մոլեռանդությամբ պաշտում են ընտանիքի գաղափարը և խիստ հալածանքի մատնում այն անձանց, որոնք հանդգնում են ձեռք բարձրացնել այդ հիմնարկության վրա։