Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրքի հեղինակի հոգին։ Եթե այդ տարրերը կան, ապա թարգմանությունը չի կարելի ջոկել բնագրից. այդ դեպքում փոքրիկ զանզանությունը նույնիսկ իր կնիքը դնում է թարգմանության վրա։ Լուրջ մարդը, որ չունի ծաղրի ու սրամտության երակ, անկարող է Մոլիերի կատակերգությունը հարկ եղած չափով թարգմանել, ինչպես ծանծաղ հոգու տեր բանաստեղծը երբեք չի կարող թարգմանելիս արտահայտել Բայրոնի հսկայական ուժն ու թափը։ Ուժեղ ծաղրի ընդունակ չլինելն է, որ արգելք է եղել թարգմանչին Դիկկենսի հոգու երկրորդ կողմն էլ լավ արտահայտել։ Եթե դուք ծանոթ եք որևէ երկի բնագրի հետ, այն ժամանակ թարգմանության նայելով կարելի է ճանաչել թարգմանչի ոգին, նրա հատկություններն ու նրանց ուժը։ Խորհուրդ ենք տալիս հրատարակչական ընկերության առաջնորդվել վերը գրած սկզբունքով, դրանից կշահեր թե ընթերցողը, թե թարգմանությունը և թե ընկերությունը։

Լեզուն ընդհանուր առմամբ շատ լավ է. կան մի քանի հին ձևի բառեր և վատ կազմած նախադասություններ։ Զանազան ձներ՝ մի տեղ, օրինակ, գործ է ածված մարդիկներին, մի այլ տեղ՝ մարդկանցը։ Շատ տեղեր կան այսպիսի ձևեր՝ մի շարժեր, որ թարգմանչի լեզվին հատուկ չէ. նա կասեր՝ մի շարժի, մի քանի տեղ այսպիսի ձև՝ արարքին համար, որ թարգմանչի լեզվին հատուկ չէ, եկամուտ է. գործք՝ փոխանակ գործ, նույն և մի՝ փոխանակ միևնույն, բնակություն՝ բնակարանի մտքով։ Պատահում են այսպիսի արտահայտություններ՝ խիստ սաստիկ վախեցա. արտասուքը վազեցին, ինձ համար վախենալ. այդ բանի մասին զարմացա։ Բարդ խոսքեր կան ա շաղկապով, որոնք դյուրահնչյուն չեն. ամենատեսակ, նմանապիսի, զրուցաընկեր. դասել-ասում են՝ դարսել։ Շփոթված են Տրադդելս և Ստիրֆորս անունները, այնպես վատ, որ ընթերցողը շվարում մնում է։ Այսպիսի արտահայտություններ կան՝ ինչ բանի ես, ով դու իմ սրտի ուրախությունը... (անորոշ պիտի դնել՝ ուրախություն) - Հոգյակս, նա ամենապատվական մարդ է։ Այսպիսի դեպքերում մեր լեզուն, շատ իրավացի կերպով, գերադրական աստիճանի հետ անորոշ չի գործածում գոյականը, այլ՝ որոշ, պիտի լիներ՝ ամենապատվական մարդն է. և իսկապես ամենապատվական միայն մեկը կարող է լինել, կամ կարելի էր ասել՝ շատ պատվական մարդ է։

Սակայն այսպիսի պակասություններ, որոնք ահագին գիրք թարգմանելիս միշտ կարող են պատահել, երբեք չեն կարող գցել այսպիսի թարգմանության արժանիքը, որը կա ու կմնա մեր գրականության մեջ իբր մի լավ հայերեն թարգմանության։

Մուրճ, 1897, № 11-12, էջ 1639-1643