Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կյանքի զարգացման ընթացքն ու օրենքները, այնքան ավելի պիտի հաճախեն ապագատենչ գրականութեան արդյունքները։ Դրանք հասարակական վերաշինության նախագծեր են՝ վիպական ձևով. Ֆուրիեի «Ֆլանստերը» քչերին է մատչելի, մինչդեռ Բելլամու վեպը հարյուր հազար օրինակներով և տասնյակ լեզուներով խոսում է մարդկանց ներկա չարիքի և լավագույն ապագայի մասին։

Անատոլ Ֆրանս, ֆրանսացի մեծանուն հեղինակը, որ նրբին արվեստագետ է, սքանչելի ոճաբան, ազնվազարմ, բայց և ընկերավար հակումներով, մեզ տալիս է Ֆրանսայի պատկերը «Երեք դար ու կես հետո»։ Քուն է մտնում մյուս օրը ժամը 9-ին զարթնելու որոշումով, որ գնա մի հրավերի, ուր առաջուց գիտե, թե ինչ խոսակցություններ պիտի լինին անիմաստ ու ձանձրալի, և ահա երազում տեսնում է ապագա Փարիզը ու իր շրջակայքը։

Ամեն ինչ փոխված է. նախ լեզուն, որ դժվար է հասկացվում։ Բոլոր տները մի հարկանի են, ծառերի մեջ կորած, կտուրներին հանգչելու հարմարություններով և պատերին նկարներ ու քանդակներ։ Օդը լիքն է օդաչու գործիքներով։ Կին ու տղամարդ բանվորների նման են և հագնված են միատեսակ, կանանց մարմինն անգամ փոքր ինչ փոխվել է. ոտքերը երկար են և կոնքը նեղացել է։

Հեղինակն ուզում է մտնել մի շենք, բայց նրանից տոմս են պահանջում, որ կարելի է միմիայն աշխատանքով ձեռք բերել։ Պատահում է նրան «հացի փուռի լիազորը», որ նրան տանում է աշխատանքի։ Հսկայական փուռը, որ օրական 80,000 հաց է թխում և որի համար պետք է գալիս հինգ-վեց մարդու աշխատանք՝ լիազորի կարծիքով «մի հին հացարան է» և չափից դուրս մարդ է զբաղեցնում»։ Մինչև ժամը 5-ն աշխատելով՝ հեղինակը մի տոմս է ստանում կերակրի և բնակարանի համար։

Որովհետև աշխատավորն ազատ է, թե հանրային ճաշարանում ընթրելու, թե իր տանը և թե բարեկամի մոտ, պատմողն ընդունում է լիազորի հրավերը և գնում նրա տուն, որ աշխատանոցից «հեռու չէ, 510 կիլոմետր /վերստ.»... Օդաչու նավից նա դիտում է դաշտերը, ուր ցրված են բազմաթիվ տներ. կանոնավորված է ոռոգումը։ «Փուռի» լիազորը բացատրաթյուններ է տալիս, քիմիկոսները դարձել են երկրագործ, ուստի հողը հինգ անգամ ավելի արդյունք է բերում։ Վերացել է առևտուրը, զորքն ու դատարանները, ուստի վերացել են և քաղաքները. հին և նշանավոր շենքերը մնում են, իբրև թանգարան կամ գրադարան։ Բայց դեռ կան սահմաններ, որ պաշտպանվում են էլեքտրական մարտկոցներով՝ մի զինվորի ղեկավարությամբ։ Բանից երևում է, որ հացթուխը հինգ ժամ