Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Կոպպե Ֆրանսուա, «Հանրիետ»[1]

Ֆր. Կոպպեն ներկայումս Ֆրանսիայում այն գրողներից մեկն է, որոնց գործերը թե սիրում են, թե կարդում։ Նա ավելի հայտնի է իր չափական գրվածներով, քան վեպիկներով ու պատկերներով, և հենց չափականներն ավելի գերադասվում են նրա գործերից, քան արձակները։ Նա գրում է նաև բեմի համար, ունի քերթվածներ, որոնք կարդացվում են բեմից և միշտ տպավորություն անում. ունի ոտանավորներ նաև այլևայլ հանդիսավոր դեպքերի առիթով։ Գրականության մեջ նա երևաց 1866 թ. բանաստեղծությանների մի փունջով, որ մամուլը սիրով ընդունեց ու գովեց։ Սակայն նրա հռչակը նկատելի չափեր առավ ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ և հետո։ 1884 թ. սկսած նա ֆրանսիական ակադեմիայի անդամ է։ Նրա գործերում երևում է համակրանք դեպի հասարակ դասը. բանաստեղծությունները երգում են զրկված մարդուն, նրա կյանքը, խինդն ու լացը։ Եվ հենց «Հանրիետը» այդ տեսակ գրվածք է. նրա հերոսուհին մի բանվոր աղջիկ է։

Մենք ծանոթ չենք Կոպպեի չափական գրվածների հետ. ինչ որ ասելու ենք նրա մասին, գլխավորապես «Հանրիետի» և մեր պարբերական հրատարակությունների մեջ լույս տեսած պատկերների վրա է հիմնված։ Այդ գողտրիկ կտորները կարդալով մենք այն կարծիքը կազմեցինք, որ Կոպպեն մեծ տաղանդ չէ, նույնիսկ խոշոր չէ։ Նա այն գրողներից է, որոնք ծնվում են իրանց ժամանակի համար ու նրա հետ էլ կորչում, որոնք նոր աշխարհ չեն գտնում գեղարվեստի պետության սահմանները լայնելու համար, որոնք շարունակողներ են և ոչ սկսողներ կամ ձևակերպողներ և որոնք կարդացվում են սիրով ու անձանձրույթ։ Նրա տաղանդը մեզ վրա այն տպավորությունն է անում, ինչ մի խաղաղ, ժպտուն, զով ու շոյող գարնան գիշեր ժայռերի փոքր ինչ հեշտական շունչով և թավ կանաչի գաղջ սոսավյունով. ինչ անում է մի սովորական ու դուրեկան գարնան երեկո։ Ռուսահայ ընթերցողի համար այս վեպիկի չորս անձերից երկուսը նորություն չեն երևա (չնչին տարբերություն բնավորության հիմնական գծերում), եթե նա ծանոթ է Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպին. հիշո՞ւմ եք Կոլյա Կրասոտկինի մորը և գիմնազի ուսուցչին, որ սիրում է նրան ճիշտ գնդապետ Որիսի նման...–

  1. Թիֆլիս, 1899, 148 էջ։ Սա «Հանրիետի» երկրորդ թարգմանությունն է. առաջինն արել է Ոստանիկ «Նոր-Դարում» 1890, №№ 176-186 «Հենրիկե» անունով։ Թե «Մուրճում» և թե «Նոր-Դարում» բավականին բան ունինք Կոպպեի գործերից թարգմանած, տաս-տասներկու կտոր կարճ ու սիրուն բաներ, որ կարելի էր հավաքել, սրբագրել և մի սիրուն գրքույկ շինել։