Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բռնում է Հանրիետի նամակը և հանդիմանում որդուն։ Նախանձոտ ու բուռն սիրող կինը, որ իր բախտը զոհել էր որդուն փոխադարձ սիրո հուսով, տեսնում է այն սերը, որ իրանը պիտի լիներ, մի ինչ որ փողոցի աղջկա տված. նրա հետ մրցելու է դուրս եկել իր բանվորուհին։ Եվ ահա ամեն կարելի միջոց գործադրում է կորսիկացի բորբոք արյան տեր կինը երկուսի կապը խզելու։ Սակայն զուր... Նրա անհանգիստ և համարյա ամեն երեկո կրկնվող հարցին «դու գնալո՞ւ ես» որդին շատ հաճախ է «այո՛» պատասխանում։ Մոր վերաբերմունքը սառչում է, պաշտոնական դառնում համարյա. ոչ մի օգուտ չի տալիս և սովորականից երկար ամառանոցում մնալը, նա դարձյալ սիրում է Հանրիետին, նա չի մոռացել...

Հանրիետի մոտից գիշերով դառնալիս Արմանդը հիվանդացել է տիֆով. սոսկալի է մոր դրությունը. նա հանգիստ չունի։ Հանգիստ չունի և մի այլ նորատի կին, որ ամեն օր անհանգստությամբ գալիս է, երկար ճանապարհ կտրելով՝ բարի դռնապանուհուց տեղեկանալու սիրած մարդու վիճակի մասին։ Արմանդը մեռնում է. աներևակայելի է մոր վիշտը. մենակ, հուսախաբ, տխուր, միակ որդուց ու մխիթարությունից զուրկ։ Պակաս չէ և մյուս կնոջ՝ Հանրիետի դրությունը. սիրած տղամարդու մահվան վրա ավելացրեք մորաքրոջ մահվան վիշտը և օրվա ապրոատի անբաժան հոգսը։

Անցնում է մի տարի։ Մայրը առաջին անգամ գնում է որդու գերեզմանը տեսնելու, նրա աչքովն է ընկնում մի թարմ մանուշակի փունջ։ Ա՛, ուրեմն նրանից առաջ մարդ է եկել. դարձյալ այդ Հանրիետը... Կորսիկուհին կատաղում է. կարծում էր, թե այդ աղջիկը Արմանդից զատ շատերին է տվել իր սերը, որ նա շուտով կմոռանա իր տոհմիկ սիրեկանին։ Բարկացած րոպեին ուզում է դեն ձգել փունջը, բայց մտածում է, թե այդ սրբապղծություն կլինի սիրած որդու գերեզմանի դեմ և... թողնում է։ Ու փունջը տարվա եղանակների հետ փոփոխելով իր ծաղիկները շարունակ երևում է գերեզմանի վրա...

Բայց գարնանը՝ մի օր այլևս փունջ չկա. այդ փնջերը բռնում էին Տիկնոջ բախտի առաջը. նա չէր համարձակվում այդ հաստատուն սերը տեսնելով խոսք տալ Աֆրիկայի պատերազմից դարձած դը-Որիսին, որ խոնարհությամբ ուզում է նրա նեցուկը լինել վշտի օրերին։ Եվ... փունջը չկա... Մի քանի շաբաթ սպասում է ստուգելու համար, չկա։ Ա, ճիշտ էր ուրեմն տիկնոջ կասկածը, գարուն է և աղջիկը նոր տղամարդ է գտել։ Այժմ նա ազատ է վերջին կշտամբանքից. նա ընդունում է դը-Որիսի առաջարկը, նա նորից զվարթ է և երիտասարդ։ Հարսանիքի նախընթաց օրը նա դիտում է պսակի «լուրջ» գլխարկը ու երազում նոր կյանքի մասին։