Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նյութը գտնում՝ իդեալի մտքով. կյանքի և երևույթների երեսն է տեսնում։ Խոսքս Արմանդի և Հանրիետի կապի մասին է. այդպիսի կապեր միշտ էլ լինում են Պարիզում և շատ էլ սովորական են։ Կոպպեի գլուխն իսկի չի էլ գալիս այն հարցը, թե լավ են այդ կապերը, թե վատ. նա վերցնում է եղածն առանց վերլուծելու և այնպես ոգևորվում այդ կապով, որ կարծեք ուրիշ վերաբերմունք չի էլ կարող լինել դեպի նույնատեսակ երևույթները. մտածեցեք մի րոպե, թե ի՞նչ էր լինելու Հանրիետի ապագան... մտածեցեք մի քիչ այդ ուղղությամբ և կպարզվի, թե ինչ ողորմելի են Կոպպեի իդեալները, որքան չնչին, խեղճ... Անկասկած հեղինակը հարմար ժամանակ է վարագույրը ցած թողնում, բայց այդ արգելք չէ, որ մենք լինելիքի մասին մտածենք... Սակայն այստեղից արդեն սկսվում են մի շարք բարդ խնդիրներ ֆրանսիական ոգու, նրա գրականության, գրողի և իրականության միջև լինելիք հարաբերության և այլն մասին, որոնց ներսը մտնելու ոչ տեղն է, ոչ էլ հնարավորություն կա մի գրախոսականով...

* * *

Մի քանի խոսք թարգմանության մասին։ Պր. Ռ. Խ. լավ թարգմանիչ կարող է լինել. նա կարողանում է պահպանել գրվածքի տոնը, յուրատեսակ ձևը, նրա ջերմությունը, մի խոսքով նա թարգմանել է զգալով։ Ցավալին այն է, որ նրա լեզուն աղքատ է, անմշակ ու տեղ-տեղ նույնիսկ անկանոն։ Որքան գիտենք այս առաջին անգամն է նա երևում գրականության մեջ. ուրեմն հույս կարելի է ունենալ, որ գործելու հետ այդ պակասները կվերանան։ Բայց որ մեր ասածը անապացույց բան չերևա - ավելորդ չեն լինիլ մի քանի օրինակներ հենց առաջին էջերից։

Երբ քահանան կարգը կատարեց... հանգուցյալի բարեկամներն ու ծանոթները ամենից առաջ դուրս եկան եկեղեցուց, օրհնած ջուր սրսկեցին (էջ, 3)...»։ Խոսքի այս կազմով «ամենից առաջը» նշանակում է ոչ թե «եկեղեցում եղողներից առաջ», այլ՝ նախ.– ուրեմն կլինի «ծանոթները նախ դուրս եկան եկեղեցուց», որ ինքն ըստ ինքյան անմիտ խոսք է. մինչդեռ թարգմանիչն այդ չի ուզեցել ասի։ - «Նա պետք է որ իր այրիին ու տղին մի փառավոր հարստություն թողած լինի» (էջ 4)։ «Մի»ն ավելորդ է, ֆրանսաբանություն է։ (Հանգուցյալը) արժանավոր կերպով (լավ արտահայտություն չէ) քննադատվում էր յուր բարեկամներից... և այնպիսի մի ժամանակ՝ երբ նրա այդ բարեկամները իրանց ձեռներից դեռ չէին հանել սուգի սև ձեռնոցները» (էջ 5). լիովին ավելորդ են յուր, նրա, իրանց բառերը, խոսողները նրանց բարեկամներն են, հայտնի է. էլ ի՞նչ կարիք կա «յուր» ասելու. հետո՝ ձեռնոցներն իհարկե իրանց ձեռներից