Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միայն մի կերպով կարող ենք բացատրել՝ ենթադրելով, որ այստեղ փոխառումներ կան։

Գրիմմի տեսությունը, որ հետո զարգացրին Կունն ու Մաքս Մյուլլերը, այդ նմանությունը բացատրում է մոտավորապես նույն կերպով, ինչպես միևնույն ընտանիքին պատկանող լեզուների նմանությունը։ Ինչպես որ զանազան լեզուները զարգացել են տարբերացման (դիֆֆերենցիացիա) միջոցով՝ մի ժամանակ գոյություն ունեցող և այժմ չքացած նախալեզվից, այնպես էլ եվրոպական նման պատմվածքները առաջ են եկել մեր ընդհանուր նախահայրերի[1] բանաստեղծական ստացվածքից, այն նախահայրերի, որոնք աստիճանաբար դարձան հույներ, գերմանացիներ, սլավներ և այլն։ Ժամանակի ընթացքում այդ պատմվածքների մեջ մտան ավելի ուշերքը պատահած պատմական դեպքեր և հին պատմվածքի վրա նստելով՝ առաջ բերին պատմական խավ կամ շերտավորում կոչված երևույթը։

Գրիմմ և հետնորդները պատմվածքների նախաձևը համարում էին առասպելը (միֆը), այսինքն պատմվածքը աստվածների մասին, որոնք, սրանց ենթադրությամբ, բնության ուժերի մարմնացումն էին։ Ռուսներից այս հայացքը պաշտպանում էին երկու գիտնական՝ Աֆանասև ու Բուսլաև։

Փոխառության տեսությունը գրականության և առասպելականության համեմատական ուսումնասիրության մեջ մտցրեց ավելի ստույգ և առավելապես պատմական մեթոդ։ Փոխառությունը ամենից առաջ նկատեցին առաջին խմբին պատկանող զրույցների մեջ։ Ռուս հեքիաթի Ռուսլանը պարզ է, որ չի կարելի զատել պարսիկ Ռուստեմից։ Պետք է նկատել, որ հետազոտության ենթարկվող ստեղծագործական արտադրությունները վերաբերում էին մատենագրության զարգացման ավելի ուշ շրջանի և ոչ թե ժողովրդական բանահյոաության մթին ոլորտին։ Նույն կերպով՝ ինչպես երևույթների առաջին խումբը բացատրեցին և մնացած երկուսը։

Փոխառության առաջին տեսաբաններն էին Դենլոպ, Լիբրեխտ և Բենֆեյ, որ իր երևելի ներածության մեջ կցեց Պանչաթանդրանայի[2] գերման թարգմանությունը, մատնանիշ արավ հնդկական, մասնավորոպես բուդդայական հոսանքը, որ նկատվում է եվրոպական ազգերի վիպազրույց գրականության մեջ։ Այսպիսով երևաց, որ զրույցները տարածվել են ոչ թե ուղղահայաց ընթացքով, այսինքն արմատից դեպի տոհմային ճյուղավորումները, այլ հորիզոնական ուղղությամբ անցնելով մի ճյուղից

  1. Տեքստում նախահավերի է: Գ. Ա.
  2. Հնդկական առակների ժողովածու սանսկրիտ գրականության մեջ։ Ն. Ա.