Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(կոսմոգոնի) և երկնային դյուցազնության հեթանոսական դյուցազներգությունը»։ Գերմանիայում նույնպես փորձում էին պաշտպանել գերման քնարերգության ինքնատիպությունը։ Բայց ներկայումս ոչ ոք կասկած չունի այն ահագին և ճնշող ազդեցության մասին, որ ունեցել են Պրովանսի տրուբադուրները[1] այդ քնարերգության վրա։ Ատաղձի շատության, իսկ երբեմն էլ՝ անխուսափելի սակավության պատճառով, փոխառումների տեսությունը իր հետևաբանություններն անում է չափազանց զգույշ, առանց անհաստատ ապացույցներով հափշտակվելու։

Փոխառումների տեսությունը ընդհարվում է և ուրիշ կուլտուր-պատմական ենթադրությունների հետ. այդպես են Գրիմմի առասպելաբանական տեսությունը և անկախ ծագման տեսությունը, ըստ որում նման զրույցները առաջ են եկել միանման կուլտուր-պատմական պայմաններում։ Սակայն այդ երեք տեսությունների մեջ, սկզբունքով առած՝ ուղղակի հակասություն չկա բնավ։ Միայն թե «դիմելով այնպիսի ատաղձի, որ գուցե բազմաթիվ վերապատումների և աղավաղությանց արդյունք է ներկայացնում, առասպելաբանը նախապես պարտավոր է վճռելու այն հարցը, ինչի հետ գործ ունի - արդյոք ժողովրդական ինքնատիպ աշխարհայացքի մի իրողության, և արդյոք չի խաբում նրան ձևը և այն հանգամանքը, որ ավանդությունն ապրում է ժողովրդի մեջ ու գրված է նրա բերանից, մինչդեռ նրա բովանդակությունը կարող է որևէ գրավոր աղբյուր լինել» (Ալ. Վեսելովսկի)։

Փոխառումների տեսությունն ավելի շուտ մի մեթոդ է, մի ճանապարհ, որով գնում է հետազոտողը, քան թե մի նպատակ, որին նա ձգտում է։ «Ստեղծագործության գաղտնարանները» նա բացատրել չի կարող։ Բայց դրա փոխարեն նա սահմանափակում է երևույթի բնագավառը և ջանք է անում նրա բացատրությունը գտնելու «բաց թողած երրորդի» մեթոդով[2]։

Անցնելով անանձն (ժողովրդական) ստեղծագործության շրջանից դեպի անձնական (անհատական) գրականությունը, մենք տեսնում ենք, որ այս շրջանում ևս հետազոտողներն ընդունել են փոխառումների տեսությունը, ում մասին էլ խոսելու լինեն՝ Բոկաչչիոյի, թե Շեքսպիրի, Պուշկինի, թե Գյոթեի։ Հեղինակի անձնավորության գաղտնիքը թափանցելու ամենահաստատ միջոցն է՝ նրա վրա անմիջապես ազդող հանգամանքների

  1. Նշանակում է աշուղ, խաղ կապող։ Ն. Ա.
  2. «Բաց թողած երրորդը» տրամաբանական արտահայտություն է. դա մի օրենք է, որի բանաձևն է. A է կամ B կամ C։ A չէ B, ուրեմն՝ A է C. այս մարդը կամ հայ է կամ օտարազգի։ Նա հայ չէ, ուրեմն այս մարդը օտարազգի է։ Ն. Ա.