Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մտածումներ


Ս. Նազարյան

Մեզ դեռ վիճակված է մեր նշանավոր մարդկանց մահվան և ծնունդի հոբելյանները անշուք անցկացնել։ Մի կողմից ժողովուրդն է անգիտակ իր անցյալ գործիչների վաստակներին, մյուս կողմից հայ կյանքն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ ալեծուփ, հույսի և վստահության ժամեր ապրելով և վարանքով ակնդետ նոր աղետների և թշվառության։

Եթե գրերի գյուտի 1500-ամյակը և հայ տպագրության 400-ամյակն այնքան անշուք անցան, տոներ, որ վերաբերում էին համայն հայության, ապա չպետք է զարմանալ, որ Ս. Նազարյանի ծննդյան հարյուրամյակը տոնելու համար մեր հասարակությունը ոչ մի պատրաստություն չի տեսած։

Ս. Նազարյանի գործունեությունը չունի համազգային նշանակություն. նրա ազդեցությունը մեծ եղավ Ռուսաստանի հայության վրա և ամենից լավ մենք կարող ենք գնահատել նրա գործի արժեքը։

Ռուսահայ մտքի պատմության մեջ շատ մեծ է Ս. Նազարյանի խաղացած դերը։ Վաթսունական թվերին նա կենտրոնական դեմք էր հայ գրական հրապարակում։ Նրա «Հյուսիսափայլը» զորեղ ղողանջով հրավիրում էր հայությանը ոտք դնել եվրոպական լուսավորության ուղին և հնավանդ կյանքի և նրա ազդակների վերանորոգումով դառնալ կենդանի և առաջադեմ մի ժողովուրդ։ Իր ամսագրի շուրջը նա կարողացավ համախմբել ժամանակի լոաամետ երիտասարդությանը և քարոզեց մի աշխարհայացք, որ այսօր ընդհանրացած է մեզանում։

Նորոգված լեզու՝ կյանքի նոր բովանդակությանը հարմար։ Նորոգված եկեղեցի՝ նոր ժամանակների պահանջին հարմար և աշխարհական դաստիարակություն՝ ժամանակի գիտության ոգով - սրանք են այդ աշխարհայացքի գլխավոր կետերը։ Բայց հիմնական գաղափարը, որ առանցքն է այդ աշխարհայացքի, Ս. Նազարյանի այն միտքն էր, թե հայ ժողովրդի կոչումն է լուսավորության առաքյալ հանդիսանալ Առաջավոր Ասիայում։ Նա խորապես համոզված էր այս մտքին և գործում էր հաստատամիտ լրջությամբ նույն համոզմանը բերելու համար և նորազատ հայ ժողովրդին։

Ռուսաց հաղթանակների շնորհիվ հայության մի ստվար զանգվածը ստացել էր կյանքի, գույքի և պատվի ապահովություն և կուլտուրական