Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի ձայնը հնչում էր հզոր և արձագանքում հեռացող բազմությունների սրտում։

Զինված ժամանակի գիտությամբ և առաջադեմ գաղափարներով, ծանոթ եվրոպական և ռուս մտքի հոսանքներին, հմտացած հայի անցյալին ավելի, քան շատերը ժամանակի «հայագետներից»՝ նա եկավ մեր հետամնաց հասարակության մեջ և նրա խոսքը ռումբի պայթյունով՝ արթնացրեց բոլոր թմրած ուժերը՝ ստեղծելով մի աղմուկ և միաժամանակ մի բուռն հետաքրքրություն դեպի իր անձն ու գործը։

Լինելով մի զորեղ անհատականություն և ժառանգական տոկունության ու հաստատուն կամքի տեր՝ նա ձեռնարկեց մի խիզախ գործ. հարմարացնել հասարակությունը իր անհատականության և նա դրեց իր դրոշմը ժամանակի բոլոր մտքերի և գործերի վրա և առաջ բերեց մի բազմություն հասարակական ու գրական գործիչների, որոնք այս կամ այն ձևով հետևում էին նրա մտքերին և նրա անձնական օրինակին։

Իբրև գիտակից անդամ հայ հասարակության՝ նա խոսքով ու գործով տեր հանդիսացավ հասարակաց շահերի, փաստաբանեց անհամար դատեր և հայության դատերի դատը՝ Հայոց հարցը. նրան հետևելով ամեն մի գավառական քաղաքում ու ավանում երևան եկան տեղական շահերի սրտացավ գործիչներ, և առաջնորդ ու զինվոր՝ փոխադարձաբար պաշտպանում էին իրար ամեն անգամ, երբ ծագում էին ընդհարումներ հետամնացության և առաջադեմ տարրերի միջև։ Դա մի լայնասփյուռ արշավանք էր մեր դարավոր անտարբերության և թմրության դեմ, որի զորավարը Արծրունին էր և սպայակոյտը «Մշակի» այն ժամանակվա խմբագրությունը։

Հրապարակախոս միտքը նա մատչելի դարձրեց ժողովրդի լայն խավերին, անհայտության միջից հանդես բերեց մի շարք մեծ ու փոքր մարտիկներ և իր հմայիչ խոսքի ուժով տիրացավ նրանց կամքին ու մտքին։

Իր խոսքի ուժին ապավինած և հենված իր հրապարակախոսական և երգիծական փայլուն տաղանդին՝ բնական էջքով նա դադարեց բարձր մտավորականության առաջնորդը լինելու, բայց դրա փոխարեն նա իր հմայքն ու իշխանությունը տարածեց խոնարհ խավերի վրա և միշտ մնաց հաղթական գործնականի մեջ։

Նախկին տարտամությունը չքացավ նրա զորեղ հարվածների տակ և հասարակություն ու ժողովուրդ բաժանվեցին կազմ ու պատրաստ բանակների և առաջին անգամ մեզանում մի քանի համակրողները դարձան բազմանդամ ու համախոհ կուսակցություն։

Գաղափարներ, որ հասարակ տեղիք են այսօր, սկզբունքներ, որ անվիճելի