Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ամենքի համար՝ Արծրունին առաջինն էր, որ մտցրեց հասարակաց գիտակցության մեջ և պաշտպանեց ու կյանքի մեջ իրագործեց մի անօրինակ եռանդով և խանդավառությամբ։

Նա մեկն էր այն հազվագյուտ մարդկանցից, որ գրում էր «իր սրտի արյունով և նյարդերի հյութով» և նրա խոսքի անկեղծությունը ստեղծեց անձնվեր երկրպագուների և ոխերիմ թշնամիների ստվար խմբեր, որոնց թույլ արձագանքը դեռ հնչում են մեր ականջին այսօրվա մամուլի էջերից։

Հայ կյանքը նրանից հետո չծնեց մի ուրիշ անուն, որ այնքան տիրականորեն ու տաղանդով իշխեր հայ մտքի աշխարհում։ Մեր կյանքն այնուհետև ընկերական շերտավորման ենթարկվեց և ամեն մի շերտ իր քարոզիչն ունեցավ։ Իսկ ովքեր փորձեցին առաջ վարել հայ մտքի զարգացումը նրա կենդանության ժամանակ, թեև ունեցան ավելի հիմնավոր պատրաստություն, բայց չունեցան ոչ նրա տաղանդը և ոչ զգացումի թափն ու ոճի փայլը։

Արծրունին ազգության հրապարակախոս էր արմատական ըմբռնումներով։ Նա այն կիզակետն է, ուր հավաքվում են յոթանասնական թվականների հայ մտքի ճառագայթները։ Նրա անունն ու գործերը պատկանում են պատմությանը և միշտ մնում են ուսանելի և հրահանգիչ։

Հորիզոն, 1912, № 280


Ա. Արասխանյան

Հեռագիրը հաղորդում է, որ Ախալքալաքում կնքել է իր մահկանացուն Ա. Արասխանյան, որ այս տարի գնացել էր այնտեղ ավագ ուսուցչի համեստ պաշտոնով։

«Մուրճ» ամսագրի հիմնադիրը և նրա ղեկը տասներեք տարի աներեր ձեռքով վարողը հեռացավ մեր գրական ասպարեզից, ուր վերջերս նա դադարել էր գործոն մասնակցություն ունենալուց։

Հայ մտքի զարգացման պատմության մեջ Ա. Արասխանյան և իր «Մուրճը» կազմում են մի աստիճան, որ կապում է նոր սերունդը յոթանասնական թվականների մարտիկ սերունդին։

Նա հրապարակ իջավ ութսունական մռայլ թվականներին, երբ հայ միտքը կրկնում էր իր երբեմնի «նոր» խոսքերը, որ գոհացում չէին տալիս այլևս այն ժամանակվա երիտասարդության։