Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դռան՝ պահանջելով ռեֆորմներ մտցնել Մակեդոնիայում, մյուս կողմից հորդորում են Բալկանի մանր պետություններին չափավորել իրենց ռազմատենչ եռանդը։

Սակայն հնարավոր է, որ այդ խորհուրդն ու դիմումները ապարդյուն անցնեն և պատերազմն սկսվի։ Այդ դեպքի համար ևս մեծ պետություններն ըստ երևույթին եկել են որոշ համաձայնության։ Նրանք որոշել են թույլ չտալ ոչ մի նոր հողային գրավում և ընդհարումը ամփոփ պահել իր ծագման վայրում։ Այսպիսով պատերազմի հաջող, թե անհաջող դեպքում Բալկանների քաղաքական բաժանումը մնալու է անփոփոխ։

Հաջողության դեպքում Բալկանի մանր տերությունները առ առավելն կարող են պահանջել, որ անհրաժեշտ բարեկարգություններն իրականանան, մի բան, որին կարող էին հասնել մեծ պետությունները նաև առանց պատերազմի, եթե նրանք անկեղծորեն ցանկանային քրիստոնյա ազգաբնակության վիճակը բարվոքել։

Թյուրքիան շատ է տեսել խմբական դիմումներ՝ ըստ երևույթին շատ ավելի սպառնալից և վճռական, բայց իմանալով դիմողների ներքին հակամարտությունը - միշտ էլ քամահարել է նրանց, որովհետև Եվրոպան անկեղծորեն չի ցանկացել մարդ ու դրամ զոհել անշահ դատերի համար։

Թե հին և թե նոր Թյուրքիան եվրոպական միջամտությունն իրենց գործերին՝ համարել են ծանր մահու չափ և ամեն կերպ աշխատել են ջլատել առժամապես համերաշխած պետությանց համաձայնությունը։

Այսօր ևս նա զգում է, որ մեծ պետությունները արտաքոատ միայն համերաշխ՝ ներքուստ մրցում են իրար հետ. դրանով նա սիրտ է առնում և կանչում է. «Կեցցե պատերազմը», հուսալով՝ հաղթելու դեպքում՝ տկարացնել իր մանր հարևաններին, որ երբեմն հպատակ էին մահիկին։

Մինչդեռ վայրկյանը շատ նպաստավոր է։ Մարդ ու դրամ զոհել չուզող Եվրոպան այսօր հնարավորություն ունի Բալկանյան միացյալ զորաբանակը դարձնել պողպատե բռունցք և նրանով հարկադրել Թյուրքիային տանելի կարգեր հաստատելու Բալկանյան նահանգներում։

Երբ Թյուրքիան տեսնի մի անկեղծ համերաշխություն մեծ ու փոքր պետությունների միջև և մեծերի գրավոր պահանջին նեցուկ դարձած փոքրերի զինական ուժը, այն ժամանակ նրան մի ելք կմնա - զիջել։

Սակայն մենք դեռ չենք նկատում այդ անկեղծ համերաշխությունը և անհավանական չէ, որ արյունը հոսե առուներով, կռվող կողմերը տնտեսապես քայքայվին ու թուլանան, բայց քրիստոնյա ազգաբնակության վիճակը մնա անփոփոխ։

Հորիզոն, 1912, № 209