Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռուսաստանից Կարմիր-խաչի խմբեր են գնում պատերազմի դաշտը - Սև լեռնցոց օգնելու։

Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Եվրոպան լքել է Թյուրքիային և Սուլթանների երկիրը ստիպված է օրհասական կռիվ մղելու Բալկանյան մանր պետությանց դեմ, որոնց միացնում է մի դարավոր ատելություն դեպի թյուրքը և որոնց նպաստում են մեծ պետություններն իրենց ձեռնպահությամբ և նրանց քաղաքացիներն իրենց համակրանքով։

Հորիզոն, 1912, № 213


Թյուրքիան և հայերը

Բալկանյան պատերազմը մի կողմից հույսեր է արթնացրել եվրոպական Տաճկաստանի քրիստոնյա ազգաբնակության մեջ, մյուս կողմից բոլորովին խանգարել է կարգը հայկական բարձրավանդակի վրա։

Մինչդեռ թյուրքահպատակ սերբը, բոլգարն ու հույնը սպասում են սրտատրոփ այն օրհնյալ օրվան, երբ վերջապես կազատվեն Թյուրքիայի անիրավ կարգերից և դարավոր բռնություններից, Թյուրքիայի հայերը գիշերն անկողին են մտնում նոր ջարդերի սարսափով և առավոտը արթնանում են տագնապալից օրվա համար։

Օգտվելով քաղաքական խառն կացությունից, որ առանձնապես շեշտվեց սահմանադրության վերականգնումի օրերից ի վեր, քյուրդերը նորից և մեծ չափերով սկսել են իրենց շահատակությունները հայերի հաշվին։

Սահմանադրական Թյուրքիայի ներքին կացությունը շատ կնճռոտ է այս կողմերում։ Այստեղ իրար մոտ ապրում են երկու ժողովուրդ՝ հայն ու քյուրդը, որոնք շահերով հակամարտ՝ տարբեր պահանջներ ունեն թյուրք կառավարությունից։

Մինչդեռ հայերը պահանջում են անձի, ինչքի և պատվի ապահովություն և հողային բարդ խնդրի արդար կարգավորում, քյուրդերը նոր կարգերը համարում են հակառակ իրենց բնույթին ու կենցաղին և հայերի պահանջները նկատում են իրենց ավանդական ազատության սահմանափակում։

Սահմանադրական Թյուրքիան մի կողմից դժվարանում է զսպել ավազակաբարո քյուրդ ցեղերին և նրանց ազդեցիկ ցեղապետներին, վախենալով ստեղծել մի նոր Ալբանիա այն երկրում, ուր մինչև այժմ նա