Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեցել է մի պատրաստակամ զինված բազմություն։ Մյուս կողմից նա չի կարողանում անտես անել հայերի արդար պահանջները, որ բխում են սահմանադրության տարրական տրամադրություններից, որովհետև այդ կնշանակե երես դարձնել հայերից, որոնք մեծագույն զորավիգն են եղած ազատական կարգերի։

Այս չորս տարվա ընթացքում նոր Թյուրքիան չհամարձակվեց խստրեն զսպել քյուրդերին, վախենալով զինել նրանց իր դեմ մի այնպիսի ժամանակ, երբ անհանգիստ էր Եմենը, պատերազմ էր հայտարարել Իտալիան և հարձակում էին պատրաստում Բալկանի մանր պետականները, որոնք և առաջ բերին մի նոր ու վտանգավոր պատերազմ թյուրքերի համար։

Իսկ գոհացում չտալ հայերին՝ այդ նույնպես շատ անհարմար կլիներ, քանի որ նրանք ևս կարող էին շարժվել և իրենց խլրտումներով հրավիրել հարևան Ռուսաստանի միջամտությունը, որից այնքան սարսափում է Թյուրքիան։

Թյուրքերը անտես չէին կարող անել նաև իրենց հույսերը այդ երկու տարրերից մեկի և մյուսի վերաբերմամբ։ Նրանք վստահ են, որ մի նոր ռուս-տաճկական պատերազմի դեպքում Թյուրքիան կարող է հենվել քյուրդ ցեղերի վրա, մինչդեռ նույն չափով հավատացած են, որ հայերը զենք չեն առնի մի տերության դեմ, որի սահմաններում իրենց ցեղակիցները գոնե չեն կոտորվում անիրավաբար։

Ահա թե ինչով պետք է բացատրել այն անվստահ և տարտամ քաղաքականությունը, որ Թյուրքիան հանդես է բերում հայերին զինելու և քրդերին զսպելու խնդրում։

Նա մի կողմից զենք է բաժանում հայերին, որ ցույց տա, թե իրավացի է համարում նրանց պահանջները, մյուս կողմից շատ ավելի մեծ քանակությամբ զենք է ցրում քյուրդերին, որ ցույց տա, թե դեմ չէ քրդության։ Թյուրքիան չի վստահում հայերին և վախենում է, որ մի օր հայերն այդ զենքը իր դեմ դարձնեն, մինչդեռ լիովին հավատում է քրդերին, որ նրանք ռուս-տաճկական պատերազմի դեպքում այդ զենքը գործ կածեն ռուսի դեմ, իսկ հայերի ապստամբության դեպքում՝ նրանց բնաջինջ անելու համար։

Թյուրքիան ստիպված է ընտրություն անել հայի և քյուրդի միջև և կշռելով բոլոր հանգամանքները՝ նա դժվարանում է համարձակ ու որոշ քաղաքականության հետևել իր ներքին կյանքում։

Նրա տարտամության նպաստում է և մի ուրիշ, շատ կարևոր հանգամանք, որի մասին մենք կխոսենք մյուս անգամ։