Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատահարների ընթացքը, հնարավոր զարգացումն ու նպաստավոր կամ աննպաստ ելքը, ուստի նա գերադասում է մեծ խլրտումների տեղիք չտալ հայկական բարձրավանդակի վրա, որ դրանով նորից հրապարակ չգա հայոց հարցը. որից այնքան խուսափում է Թյուրքիան։

Հին ձգտումը՝ հայերից մաքրված տեսնել հայաբնակ վիլայեթները, թեև չի կազմում այսօրվա սահմանադրական կառավարության ներքին քաղաքականության մղիչը, գոնե նա չէ արտահայտում այնպես ցայտուն ու շնական, ինչպես Աբդուլ Համիդ II-ի ժամանակ, բայց այդ միտումը դեռ շատ խորարմատ է թյուրք վարիչ մարդկանց մտածողության մեջ. դրանով պետք է բացատրել մի կողմից մասսայական ջարդերի դադարումը, մյուս կողմից հատվածական սպանությունների վրա մատի արանքից նայելը։

Որքան թույլ ու սակավաթիվ լինի հայ տարրը, այնքան լավ՝ մինչև իսկ նոր Թյուրքիայի համար։ Եվ երբ հարցն այսպես է դրվում՝ ասպատակող ու սպանող քրդե՞ր, թե աշխատասեր ու խաղաղ հայ ազգաբնակություն, թյուրք թե հին և թե նոր վարչությունը վճռում է այսպես. քյուրդը ավելի գերադասելի է. քան հայությունը, որովհետև առաջինը դավանակից է, խնդիր չունի, իսկ երկրորդը այնուամենայնիվ այլադավան է և կարող է միշտ խնդիր հարուցել, լինի դա միջագգային մի դաշնագրի հիման վրա, ինչպես Բեռլինինն է իր 61-րդ հոդվածով, թե իբր մշակութապես բարձր ու անդրագույն զարգացման ընդունակ և տենչացող մի տարր։

Ահա թե ինչու Թյուրքիան անկեղծորեն չի կարողանում հայ տարրի բարեկեցությունը իր մտահոգության առարկան դարձնել։

Բայց կան դեռ երկու ուրիշ մտահոգություն - հայրենիքի և սահմանադրության խնդիրները։

* * *

Անցյալ անգամ մենք ասացինք, որ Թյուրքիան ունի երկու ուրիշ մտահոգություն, որոնք նրա քաղաքականությունը հայերի վերաբերմամբ դարձնում են տարտամ ու վեհերոտ -դրանք են հայրենիքի և սահմանադրության մտահոգությունները։

Հայտնի է, որ թյուրքերը Տաճկաստանում բնիկներ չեն. նրանք եկել են Միջին Ասիայից և բնակություն հաստատել այնպիսի երկրներում, ուր դարեր շարունակ ծաղկել ու թոշնել են մեծ քաղաքակրթություններ։

Թեև նրանք բնիկներ չեն իրենց երկրում, բայց հինգ հարյուր տարուց ավելի է, որ նրանք ապրում են այնտեղ, տարել են շատ հաղթանակներ, մղել են բազմաթիվ պատերազմներ, կատարել են հաջող արշավանքներ