Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ երկրի ամեն կողմերում, մի խոսքով ստեղծել են Օսմանյան հաղթական պատմությունը և կապված են այդ երկրի հետ իրենց դարավոր պատմությամբ։

Թափառական հորդաներն այսօր դարձել են ժողովուրդ, զինվորական տերությունը՝ մի պետություն նոր մտքով՝ թեև շատ անկատար և արատավոր. խուսափելով ավելի հզոր հարևանների հետապնդումից՝ թյուրքերը կանգ են առել մեր երկրում և Անատոլիան դարձրել իրենց բնակավայրերը։

Նրանք մտել են մեր երկիրը իբր վաչկատուն ցեղերի մի բազմություն, անծանոթ ու անհաղորդ քադաքակրթության և իրենց երկարատև պատմության ընթացքում նրանք չեն ստեղծել և ոչ մի քաղաք։

Քաղաքակրթությունը իբր օտար երևույթ այդ վաչկատուն ցեղերի մտայնության՝ արժեք ու նշանակություն չի ստացել նրանց աչքում և նրանք չեն խնայել բազմաթիվ ազգերի դարավոր ճիգերի արդյունքը։

Ժամանակի ընթացքում նոր բնակավայրը դարձել է բնավայր, նոր տիրած երկիրները՝ հայրենիք, որ առատ ու ընդարձակ արոտներ է մատակարարում նրանց հոտերին, ոսկի և փարթամություն նրանց սուլթաններին, ձրի աշխատանք՝ նրանց մեծավորներին և սիրուն կանայք՝ նրանց հարեմներին։

Թյուրքերին պետք է մի կայուն հայրենիք, մանավանդ այսօր. և Անատոլիան, դրա հետ նաև Հայոց բարձրավանդակը նա միշտ նկատել է իր հայրենիքը։

Վաղուց է արդեն, որ Եվրոպան վանում է թյուրքերին դեպի Ասիա. անջատելով մեծ ու փոքր հատվածներ նրա ընդարձակ կալվածներից՝ Եվրոպան պատվար կանգնեց թյուրքերի առաջացման՝ ստեղծելով Բալկանի մանր պետությանց շղթան։

Թյուրքերին մնում էր եվրոպական Տաճկաստանի մի մասը, բայց մանավանդ Անատոլիան։ Անշուշտ մնում էին նաև Միջագետքի ընդարձակ տափաստանները, բայց նրանց դրախտ դարձնելու գաղտնիքին թյուրքերն օտար են. ստեղծագործական աշխատանքը մինչև այսօր անծանոթ մնաց այդ ցեղին։

Հասկանալի է, որ այս պայմաններում գտնվող մի ժողովուրդ ամեն ճիգ պետք է գործ դնե իր ձեռքին պահելու մի երկիր, որ իր հայրենիքն է համարում, որի գովքը երգում են իր բանաստեղծները և ուր հանգչում են իր բազմաթիվ նախորդների նշխարները։

Անատոլիան միակ հուսավայրն է թրքության։ Եթե բալկանյան պատերազմի հետևանքով նա ստիպված լինի թողնել Եվրոպան՝ նրա միակ