Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց թյուրքահպատակ ցեղակիցների սրտերում։

Երիտասարդ թյուրքերին պետք է սահմանադրությունը՝ դա ոչ միայն անհրաժեշտ է նրանց հայրենիքին, այլև անձամբ իրանց. նրա շնորհիվ է, որ նոր թյուրքերը այն են, ինչ որ են. և սահմանադրությունն է նրանց անհատական ապահովության միակ գրավականը։ Անձի և հայրենիքի շահերն այստեղ նույնանում են և երիտասարդ թյուրքերի գործունեության հաղորդում են մի անսովոր կորով։

Արդ, միակ տարրը, որ անկեղծորեն փարած է սահմանադրության՝ դա հայությունն է Թյուրքիայում։ Նա ևս իր ազգային ու անհատական շահերը և սահմանադրության գոյության անհրաժեշտությունը նույնացած է գտնում և նոր թյուրքերը իրենց ոգևորումների մեջ՝ սահմանադրության համար բնական ու հավատարիմ դաշնակիցներ են գտնում հայ տարրի և նրա մտավորականության մեջ։ Հայերն էին, որ նրանց հետ Փարիզի համաձայնությունը կնքեցին, նրանք էին, որ զորավիգ ու օժանդակ դարձան նոր շարժման, նրանք են, որ փարած են մնում սահմանադրության, ապա ուրեմն, անուղղակի կերպով, նաև Թյուրքիայի վերածնության։

Թյուրքերը գնահատում են հայերի այդ դերն ու նշանակությունը և աշխատում են աննշան գոհացումներով հանգստացնել հայերին։

Թյուրքերի տիրական մտահոգությունը հայրենիքի հարցն է կազմում. Սահմանադրության պաշտպանությունը նրա հառաջդիմության գրավականն է, իսկ հայերին հովանավորելը պետք է այն չափով և այնքան ժամանակ, որ մի կողմից հայ տարրը չդառնա մի պատկառելի ույժ, մյուս կողմից թյուրք տարրն ինքն ընդունակ դառնա նոր կարգերին նեցուկ լինելու։

Ահա թե ինչու Թյուրքիան մի կողմից մատի արանքով է նայում հայերի մասնակի սպանություններին և մյուս կողմից աննշան դյուրություններ է տալիս նրանց։

Այսպիսով հայաբնակ նահանգների խլրտման երկյուղը, դեպի հայերն ունեցած անվստահությունը, հայոց հարցի վերարծարծման մտահոգությունը, եվրոպական միջամտության սարսափը և միապաղաղ հայրենիքի տենչը, միացած սահմանադրության պահպանումի հոգսերը՝ Թյուրքիայի քաղաքականությանը հայ տարրի վերաբերմամբ տալիս են երկդիմի կերպարանք։

Միևնույն մտահոգությունները, որ ստիպում են Թյուրքիային հովանավոր ձևանալ հայերին, նույն մտահոգությունները թելադրում են նրան կտրական միջոցների չդիմելու հայերին պաշտպանելու գործում