Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնում իր 25 միլիոն սլավ ազգաբնակության սրտում։ Այսօր դրան կարելի է ավելացնել սլավներին օգնություն հասցնելու գործը, որ չեխերի մեջ ստացել է համազգային կերպարանք։ Չեխերի խորհուրդը Ավստրիային՝ բարյացակամ աչքով նայել սլավների շարժման, որ արտահայտեցին և չեխ սոցիալ-դեմոկրատները և չեխ կաթոլիկները խորվաթ պատգամավորների հետ միասին։ Սա ավել է, քան մի պարզ համակրություն, սա արդեն սպառնալիք է։ Եվ Ավստրիան փոխում է իր հոխորտ քաղաքականությունը՝ վախենալով ներքին անախորժություններից...

Այս տրամադրությունը զորանում է մի ուրիշ նշանակալից հայտարարությամբ, որ լսվում է Բալկաններից - Եվրոպան, որ չկարողացավ հարկադրել Թյուրքիային իրագործելու Բեռլինի դաշնագրի մի հոդվածը (§ 23), ավելի ևս անկարող կլինի ստիպելու, որ Բալկանի մանր պետությունները հրաժարվեն իրենց արյունով ու զոհաբերություններով ձեռք բերած արդյունքներից։ Միացյալ բանակը 600,000 մարդ ունի և այդ հանգամանքը պետք է հաշվի առնել։

Մինչև այժմ մեծ պետությանց հակամարտությունից օգտվում էր Թյուրքիան և անպատասխանատու իր ընթացքին՝ կոտորում էր իր քրիստոնյա հպատակներին, ավարում նրանց ինչքը և պղծում պատիվը։ Եթե այդ հակամարտությունը շարունակե մնալ, այս անգամ նրանից կօգտվին մանր պետությունները՝ վերականգնելով քանդածը, պաշտպանելով սեփականությունը և արդար վաստակը և ապահովելով ազգաբնակությունը անարգանքներից։ Մեծ պետությունները իրենց հակամարտությամբ Թյուրքիայի ձեռքով ավերեցին այնքան տնտեսություններ և կոտորել տվին այնքան խաղաղ ազգաբնակություն, մանր պետություններն իրենց համերաշխությամբ կապահովեն կարգը Բալկաններում և կստեղծեն գոյության տանելի պայմաններ։

Ինչ կերպ էլ վճռվի եվրոպական Թյուրքիայի խնդիրը, դառնա նա ինքնօրեն մի նոր պետություն թե անդամահատվի եղած չորս պետությանց միջև, երկու դեպքում էլ թյուրքը քաշվելու է եվրոպական ցամաքի ամենաարևելյան անկյունը, եթե ենթադրենք, որ Պոլիսը իր ձեռքում մնա։

Իսկ Բալկանի թերակղզին դառնալու է մի դաշնակցական պետություն կազմված չորս կամ հինգ (եթե Մակեդոնիան չանդամահատվի) մանր պետություններից, որոնք իրար հետ կապված կլինեն առնվազն միասնական հարձակումի և պաշտպանության պարտավորություններով։