Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բալկանյան պատերազմը ցույց տվեց, որ համերաշխության գաղափարն է բալկանյան կնճռի իսկական լուծումը, հույն ու բոլգար, որ մի քանի տարի առաջ անգթորեն կուրացնում էին միմյանց՝ փոխադարձաբար իրար աչքեր փորելով, այսօր պատերազմի ահեղ դաշտում ընդունում են արյան մկրտություն և տեսնում են, որ համերաշխությունը անդամալուծած է այն ոսոխին, որ ամեն մեկի համար առանձին առած՝ շատ էր սոսկալի և հզոր։

Բալկանի պատերազմը եկավ համերաշխության գաղափարը գամելու ամենքի գլխում և այս դաշնակցությունը՝ հաղթական պատերազմից հետո՝ ավելի ևս ամրապնդվելու է Բալկանի վրա։

Քաղաքական այս նոր ազդակը մեծապես փոխելու է եվրոպական քաղաքականությունը մերձավոր արևելքում. դա մի նոր ուժ է, որ պիտի այսուհետև հաշվի առնվի։ Այս նոր ազդակը ամենից ավելի սպառնալից է Ավստրիայի համար, որի սահմաններում ապրում են 25 միլիոն սլավներ, որոնք սպառում են իրենց ուժերը ազգային ինքնությունը պաշտպանելու ճիգերով մի պետության մեջ, որին տոն է տալիս գերմանական տարրը։

Բալկանի հաջողությունները կանդրադառնան նրանց ներքին և քաղաքական վիճակի վրա և անհավանական չէ, որ նրանք աստիճանաբար հակվին դեպի ցեղակից սլավ պետությանց հզորացող դաշնակցությունը... Այդ հակումը ամենից ուժեղ կարտահայտվի անշուշտ Բոսնիայում և Հերցեգովինայում, որ նոր միայն ավստրիական նահանգներ դարձան։

Նոր կազմված դաշնակցությունը, որի ամեն մի օղակը իր այսօրվան վիճակով և իր գոյությամբն իսկ պարտական է ռուսաց ազատարար պատերազմներին և ռուս դիվանագիտության հաճախակի պաշտպանությանը անշուշտ մշտական հակում կունենա դեպի մեր լայնածավալ կայսերությունը. դրանով նա ավելի պատկառելի կդառնա, իր հերթին նոր ուժ ու հմայք հաղորդելով Ռուսաստանի միջազգային կացության և դերին թե համաեվրոպական խնդիրներում և թե մանավանդ Մերձավոր Արևելքում։

Այսպիսով բալկանյան պատերազմը ավետում է մի նոր ու հզոր դաշնակցության ծնունդ և մի հին ու բռնակալ պետության անկում ու քայքայում։

Հորիզոն, 1912, № 231