Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջան և ամեն տեղ մտցրել են սերբական կարգեր։

Հեռագիրներից երևում է, թե որքան ծանր դրության մեջ են մնում թյուրք զինաթափ զորքերը։ Մակեդոնիայի ամեն կողմերից նրանք թափվում են Սալոնիկ և ձգտում են վերադառնալ Պոլիս կամ հայրենիք՝ Անատոլիա։ Նրանց թիվն այնքան շատ է, որ հազիվ թե տեղ գտնել կարողանան պատերազմների պատճառով խանգարված տնտեսական ձեռնարկների մեջ։ Հայրենիքիցը հեռու լինելով՝ նրանք չունին մի տուն, ուր կարողանան ապաստանել։ Դաշնակից պետություններն անշուշտ զգուշանում են նրանց կերակրելուց, որովհետև այդ շատ թանկ կնստի իրենց պետական գանձարանների վրա։ Ուստի չպիտի զարմանանք, եթե մի քանի ժամանակ հետո լուրեր հասնեն, որ թյուրք զորքերը պարապում են մանր գողություններով կամ թե հրոսախմբեր կազմած ավարում են մեծ ու փոքր քաղաքների շրջակաները։ Հեռագիրներն արդեն նույն իմաստով մի քանի լուրեր են հաղորդել, հավանական է, որ նրանց թիվը գնալով մեծանա...

Հորիզոն, 1912, № 256


Տաճկական անիշխանության
հնարավորությունը և հայ ժողովուրդը
I

Պետերբուրգի հեռագրական գործակալությունը վերջին օրերի ընթացքում այս երկրորդ անգամն է, որ հուզումնալից լուրեր է բերում տաճկահայերի մասին։ Նախանցյալ օրը նա հաղորդել էր, որ Պոլսի հայոց պատրիարքարանում հեռագիր է ստացվել, թե քրդերը հայկական գյուղերում սպանություններ են կատարում։ Երեկ էլ նա հաղորդեց, թե հայոց պատրիարքը տեղեկություն է ստացել, որ զանազան վայրերում հայկական ջարդեր են տեղի ունեցել։

Որքան էլ ընդհանրապես թերահավատությամբ վերաբերվելու լինենք վերոհիշյալ հեռագրական գործակալության, ինչպես նաև ռուս թերթերից շատերի այն հաղորդագրություններին, որոնք խոսում են Տաճկաստանի մասին - ի նկատի ունենալով, որ նրանք բոլորն էլ խիստ տենդենցիոզ բնույթ են կրում - այնուամենայնիվ մենք չենք կարող առանց լուրջ մտահոգությունների անցնել վերոհիշյալ լուրերի վրայից։

Դժբախտությունն էլ այն է, որ Տաճկաստանի ներկա քաղաքական