Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ և նրա փրկությունը տեսնում են այդ երկրի սահմանադրական կարգերի մեջ. ուրիշները, որ թերահավատությամբ են վերաբերվում դեպի տաճկական սահմանադրությունը, գտնում են, որ տաճկահայ ժողովրդի տառապանքները չեն վերջանա, մինչև որ մի օտար քրիստոնյա պետություն չգրավի Անատոլիան և այնտեղ իրավակարգ չհաստատի. վերջապես կան մարդիկ էլ, որ տաճկահայերի ապահովության ամենանպատակահարմար երաշխիքը համարում են Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով նախատեսնված բարենորոգումները։

Այս ընդհանուր հայեցակետներին համապատասխան են այն միջոցները, որ տաճկահայոց ներկա տագնապալից կացության հանդեպ առաջարկվում են հայ հասարակական այսպես կոչված «ղեկավարող» շրջաններից։ Ոմանք ասում են, թե պետք է տաճկահայերը խաղաղ մնան և ամեն կերպ իրենց լոյալ պահեն Տաճկաստանի հանդեպ, ոմանք՝ թե պետք է դիմում անել Տաճկահայաստանին տիրելու պատրաստակամություն ունեցող մի քրիստոնյա պետության և նրան որևէ հույսով այդ երկիրը գրավելու իմպուլսներ տալ, իսկ ուրիշներն էլ կարծում են, թե պետք է առաջիկայում կայանալիք եվրոպական Վեհաժողովին հիշատակագիր ներկայացնել հայերի դժբախտ կացության և Բեռլինի Վեհաժողովի 61-րդ հոդվածի մասին։

Մի կողմ թողնելով վերոհիշյալ հայեցակետների ու նրանցից բխող միջոցների մանրամասն քննությունը՝ պետք է նկատենք, որ նրանք բոլորն էլ մի կետում նման են իրար. այդ այն է, որ նրանք բոլորն էլ ազատում են Տաճկաստանից դուրս գտնվող հայերին իրենց ազգակիցների համար որևէ շոշափելի բան անելու պարտականությունից։ Եվ իրոք, ինչ մի ավելի դյուրին բան կա, քան կոտորվող տաճկահայերի գլխին օրինապահության քարոզ կարդալ, կամ սրան ու նրան Տաճկահայաստանը գրավելու կոչ անել և կամ մի հիշատակագիր պատրաստել և որևէ ձևով առաջիկա Վեհաժողովին ներկայացնել։

Մենք չենք ասում, թե այս գործերը բոլորովին առանց աշխատանքի ու զոհողության կարող են գլուխ գալ, չենք էլ ասում, թե մենք անվերապահորեն հակառակ ենք նրանց. բայց երբ մի համազգային աղետի հանդեպ մարդիկ մի կողմ են դնում այն միջոցները, որոնք թեև ծանր զոհողություններ են պահանջում, բայց և առարկություն չվերցնող անհրաժեշտություն են ներկայացնում և վազում են դյուրին ու արժան միջոցների ետևից, թեև նրանց նպատակահարմարությունը շատ վիճելի է - մենք չենք կարող դա մեր հասարակական ապիկարության մի տխուր ապացույց չհամարել...