Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

III

Հայ հասարակության յուրաքանչյուր անդամ, ինչ հայացք էլ նա ունենա Տաճկահայաստանի մոտավոր կամ հեռավոր ապագայի վերաբերմամբ, պետք է համաձայն լինի մնացած բոլորին մի կետում. այդ այն է, որ ներկայումս տաճկահայերի առաջին և հրամայական խնդիրը պետք է լինի ինքնապաշտպանության գործի կազմակերպումը։

Մենք չենք անգիտանում, իհարկե, որ դարերի հալածանքն ու այդ հալածանքի դեմ հնչվող համբերության ու «խոհեմության» քարոզը մեր մեջ առաջացրել են ստրկահոգի մարդկանց տիպեր, որոնց քաղաքական իմաստությունը «հարվածող ձեռքը համբուրելու և ճակատին դնելու» մեջ է գտնում հայ ազգի գերագույն ճակատագիրը։ Բայց մենք սրանց հայ հասարակության անդամ համարել չենք կարող, դրանք այլասերված երևույթներ են, որ մեր ազգային մթնոլորտի առողջացման հետ միասին կանհետանան մեր կյանքից։ Մեր խոսքը մեր հասարակության նորմալ տարրերի մասին է և, կրկնում ենք, այդ տարրերի մեջ մեկը չի գտնվի, որ ներկա պայմաններում տաճկահայերի ինքնապաշտպանության առաջնակարգ անհրաժեշտությունը ժխտել վստահանա։

Եվ իրոք, եթե կոտորածների հնարավորությունը ժխտել չի կարելի, ապա պարզ չէ՞, որ ոչ տաճկական սահմանադրությունը, ոչ օտար պետության գրավումը և ոչ էլ եվրոպական պետությանց ակտիվ միջամտությունը չեն կարող փրկել տաճկահայ ժողովուրդը այդ պատուհասից, քանի որ վերոհիշյալ միջոցները լավագույն դեպքում ամիսների ընթացքում կարող են որևէ շոշափելի արդյունք տալ, իսկ տաճկահայերին կարելի է բնաջինջ անել մի քանի շաբաթում։

Իրերի այս դրությունը ի նկատի ունենալով՝ սպասելի էր, որ հայ ժողովրդի «ղեկավարող շրջանները» նրա, այսպես կոչված «բարձր» ինտելիգենցիան իր առաջ դրած այն հարցին՝ թե ինչ պետք է անել տաճկահայերի վտանգալից կացության հանդեպ՝ միաբերան պետք է պատասխաներ - ամենից առաջ ինքնապաշտպանությանը զարկ տալ։

Բայց նա այդ չարավ. նա խոսեց ամեն բանի մասին - և սահմանադրության, և օտար գրավման, և 61-րդ հոդվածի, և բալկանյան պատերազմի, և ավստրո-սերբիական հակամարտության և համեվրոպական պատերազմի - այս բոլորի մասին ընդարձակ հոգեշահ խորհրդածություններ արեց այդ ինտելիգենցիան - բայց ոչ մի խոսք ինքնապաշտպանության մասին չարտասանեց։

Եվ դա պատահական բան չէ. դա բնական արտահայտություններից մեկն է այն «ազգասիրության», հանուն որի այդ ինտելիգենցիան, մանավանդ