Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժհետևանք չունեցավ և հայ ժողովուրդը վերոհիշյալ ղեկավարների օգնությամբ պատվով դուրս եկավ իր ծանր կացությունից։

Անցել են այդ օրերը, բայց չէ անցել հայի ճակատագիրը. այսօր նորից կոտորածների ուրվականն է ծառացած մեր առաջ և նորից նույն ինքնապաշտպանության հարցն է մեջտեղ հանված։ Այդ հարցը այս անգամ բաց է դրված. ամեն մի հայ հնարավորություն ունի իր մասնակցությունը այդտեղ հանդես բերել, բայց ոչ ոք ըստ երևույթին նրան չի մոտենում։ Այն մարդիկ, որոնք իրենց ուսերի վրա էին կրում կովկասահայոց ինքնապաշտպանության ծանրությունը, այսօր կարծեք լքել են հրապարակը և մի կողմ քաշվել, իսկ մեր «բարձր ինտելիգենցիան»։ Օ՜, նա շատ լավ է զգում սեփական հանգստի և ապահովության արժեքը, որպեսզի ձայն հանի ինքնապաշտպանության մասին... մանավանդ, որ իր կյանքն ու գույքը ներկա դեպքում զերծ են վտանգից։

Այդպես է մեր «բարձր ինտելիգենցայի» տրամադրությունը։ Իսկ ի՞նչ է մտածում ինքը՝ Հայ ժողովուրդը։ Կարո՞ղ է այդ ժողովուրդը, որ հանդիսատես է եղել 300.000-ի մարտիրոսությանը, որ իր սեփական կաշվի վրա է զգացել կոտորածների սարսափը - բավականանալ նրանով, որ իր բարձր խավերում ինտելիգենտ մարդիկ կան, որոնք մտածում են դիպլոմատիական քայլերով կամ «խոհեմության» քարոզներով կոտորածների առաջն առնել։ Կարո՞ղ է այդ ժողովուրդը, որ իր ներկա գոյությունը միայն ինքնապաշտպանության գործին է պարտական, անտարբերությամբ դիտել, թե ինչպես այդ ինտելիգենտ մարդիկ ինքնապաշտպանությունը «խոհեմությամբ» հետին գծի վրա են դնում։ Մենք հավատացած ենք որ ոչ։ Մենք հավատացած ենք, որ հայ ժողովրդի միջից դուրս կգան մարդիկ, որոնք իրենց առողջ բնազդների շնորհիվ իրենց մատը իսկական վերքի վրա դնելով դիպլոմատիկական խաղերի ու քայլերի ստվերի տակից դուրս կհանեն ինքնապաշտպանության գործը և անձնվիրաբար առաջ կտանեն այն։

Իսկ եթե այս հավատը ևս չարդարանա, եթե ժողովրդի մարդիկ ևս պատրաստականություն և պատրաստակամություն չունենան րոպեի պահանջի վրա կանգնելու՝ այն ժամանակ կմնա ընդունել, որ եթե հայ ժողովրդի ինքնապաշտպանության նախկին ղեկավարները իրոք հեռացել են ասպարեզից, ապա նրանք տարել են իրենց հետ և այն ամենը, ինչ որ կարող էր վկայել մեր հասարակական կենսունակության ուժի և կորովի մասին...

Հորիզոն, 1912, №№ 246, 248-249