Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիշատակելով քանի մը ուրիշ ամբաստանություններ և չարախոսություններ, որ իբր թե առաջ գիտնաբար կխոսեր, հետո՝ անգիտնաբար. որ եկեղեցիի մեջ գիրք չի կարդար, այլ գոց կըսե, որ վանքին մեջ ոչինչ կար Ղազարին մեկնած ժամանակ. որ երիտասարդ մը անգամ պատրաստված չէ վանքին հսկելու համար և ասոնց պատասխանը տալե հետո Ղազար կգրե.

«Ըսենք թէ ես մեղաւոր էի և իմ հատուցումն էր, որ ստացայ, իսկ առաքելանման անձերը ի՞նչ ըրած էին, որ վատթար վերաբերումի հանդիպեցան, քան ես»։

Եվ կբերե նշանավոր անձերու ցանկ մը, որ դժբախտաբար կիսատ է. որովհետև ճիշտ այդտեղ կպակսի թերթ մը։ Կհիշատակե նաև Ներսես Մեծը և Սահակ Պարթևը, որոնք նույնպես հալածանքի ենթարկվեցան, խոսքը կկնքե բուն ինքն Վահանը հիշելով, որ բազմաթիվ մարդոց կյանքի և պաշտոնի պատճառ դարձած է, բայց և այնպես ազատված չէ նախանձէ և չարախոսութենե։

Այս մեծարժեք թուղթը, որ Մամիկոնյան Համազասպ կտանի Վահանին, ոչ միայն կվերականգնե Ղազարի արժեքը Վահանի աչքին, այլև բարերար հետևանք կունենա մեր գրականության համար։ Վահան Մամիկոնյան կտրուկ հարվածով մը կլուծե հանգույցը, Ղազարի հանձնարարելով գրել Հայոց պատմության շարունակությունը։ Այս գործը չէր կրնար նախանձ հարուցանել, որովհետև վարչական և հասութաբեր գիրք չէր։

Իր Թուղթի մեջ Ղազար մեզի կերևի իբր ազնիվ և անշահախնդիր մարդ։ Ոչ թե խոսքով ու պաշտոնով, այլ սրտով ու գործով քրիստոնյա, ինչպես ինքը կըսե՝ «Երկրաւոր իմաստով տկարամիտ ու անզգուշաւոր», հեռու դավերե և դավադիրներե, անձնատուր իր հանձն առած գործին ու պարտականության, մեծաշնորհ, բայց համեստ գիտուն, բայց ո՛չ, ո՛չ սնափառ, սակավապետ, ուստի ոչ ընչասեր, բարյացակամ և բարեխորհուրդ։ Եթե կհամարձակի ինքզինքը պաշտպանել՝ Պողոս Առաքյալն ունի իբր օրինակ, այլապես համբերած է, նախանձորդներուն դատը Աստծուն թողելով։

Այս Թուղթն ունի միաժամանակ պատմական և գրական մեծ արժեք։ Այնտեղ կտեսնենք ուրացության շրջանի հոգևոր դասը իր տգիտությամբ և շահամոլությամբ, իր անողոք ու գռեհիկ պայքարներով վերելքի մարդոց դեմ։ Ղազար կփայլի այս Թուղթի մեջ իբր իսկապես հոգևորական և գիտուն մարդ։ Իր փաստարկությունը զորավոր է, խիտ ու կտրուկ, լեզուն աշխույժ, խոսքը համարձակ, հեռու քծինքե և լի գիտակից պատվազգացությամբ։