Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայոց հարցից ավելի այս վայրկյանին թյուրքահայերի ապահովության խնդիրն է, որ անմիջապես շահագրգռում է բոլոր տեղերում դրված հայերին և մենք չենք կարող մեր գոհունակությունը չարտահայտել այն առիթով, որ վերջապես անցած են Լոբանով-Ռոստովսկու օրերը և թյուրքահայերի և մեր պետության շահերն այսօր ընթանում են ձեռք-ձեռքի՝ հավասարաչափ նպաստելով երկու կողմերին։

* * *

Հայերի վիճակի բարվոքումը հնարավոր է այն պայմանով միայն, որ անհրաժեշտ բարենորոգումներին հայաբնակ գավառներում վերահսկե միմիայն մի պետություն։

Այս տեսակետից Սան-Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ հոդվածը թյուրքահայերին ավելի նպաստավոր էր, որովհետև վերահսկելու իրավունքը թողնում էր Ռուսաստանին, քան Բեռլինի 61-րդ հոդվածը, որով այդ հսկողությունն անցնում էր մեծ պետություններին։

Մինչև 1880 թվականը մեծ պետություններն իրար հետ համերաշխ էին հայաբնակ նահանգների բարվոքման խնդրում և երկու անգամ ազդարարություն արին թյուրք կառավարության հայոց դատին ի նպաստ։

Բայց այնուհետև քաղաքական ուժերի նոր խմբումներ առաջ եկան, շահերի նոր ընդհարումներ և հակամարտություններ երևան հանվեցին, որոնք և բաժանեցին մեծ պետություններին նաև հայոց հարցում և Սուլթանի կառավարությունը, օգտվելով մեծ պետությունների գժտությունից, հրով ու սրով, գաղթով ու սովով հետապնդեց իր ազգամոլ քաղաքականությանը, նվազեցնելով հայոց թվական ուժը հայկական բարձրավանդակում և դրանով փորձեց խարխլել հայոց հարցի և Եվրոպական միջամտության բուն իսկ հիմունքը։

Մինչդեռ վեց պետություններից ամեն մեկը դյուրությամբ կարող էր թյուրքահայերի վիճակը տանելի դարձնել, եթե նա լիազոր լիներ այդ քայլն անելու և այդ նպատակին հետապնդելու՝ մեծ պետությունների հակամարտությունը արյան ծովի մեջ խեղդելու վտանգին հասցրեց թյուրքահայերի արդար դատը։

Այսօր հասել է մի ժամանակ, երբ եվրոպական մեծ պետությունները, համաշխարհային քաղաքականության այդ տերերն ու տնօրենները, ներդաշնակ և միօրինակ վերաբերում ունեն դեպի ռմբակոծ Թյուրքիան և ժամանակը նպաստավոր է հայկական հարցի լուծման համար։

Բայց ինչպես երեսուն և չորս տարի սրանից առաջ, այնպես էլ այսօր հայկական խնդրի լուծումը նորից պահանջում է նույն միակ պայմանը։ Այսօր էլ հայկական հարցը կարող է լուծվել միմիայն մի պետության միջոցով,