Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ լիազորված լիներ մյուս մեծ պետությունների կողմից Թյուրքիայի հայաբնակ նահանգներում անհրաժեշտ բարենորոգումները մտցնելու և նրանց գործադրությունը վերահսկելու։

Մի ժամանակ հաղթողը Ռուսաստանն էր։ Եվրոպան չկամեցավ նրան թողնել հաղթության պտուղները և Ռուսաստանն անկարող դիմադրելու հինգ մեծ պետությունների պնդումներին Բեռլինում՝ ստիպված եղավ շատ զիջումներ անելու, որով հայերի ապահովության խնդիրը ևս դուրս եկավ նրա հզոր ձեռքից։

Այսօր հաղթողները Բալկանի մանր ազգերն են. հավանորեն նրանց ևս չեն թողնի վայելելու իրենց հաղթության պտուղները լիովին, բայց և անկարող են այդքան փառավոր հաղթանակների արդյունքը զերոյի վերածել։ Անխուսափելի է ուրեմն Եվրոպական Թյուրքիայի անջատումը, թեկուզ և ավելի փոքր չափերով, քան ցանկալի լիներ Բալկանի մանր ազգերին։

Փոքրացած Թյուրքիան պիտի պարտավորվի ահագին պետական պարտքեր վճարել, որոնք ավելի ևս մեծացել են Թյուրք-Իտալական և Բալկանյան պատերազմների պատճառով։ Թյուրքիայի պարտքերը Եվրոպական դրամագլուխներ են. նրանք կարող են վտանգի ենթարկվել, եթե Թյուրքիայում բարեկարգ վարչություն չստեղծվի, որով կեղեքված ժողովուրդը հնարավորություն ստանա թե թյուրքական բազմածախս վարչությունը պահելու և թե պետական պարտքի գոնե տոկոսները վճարելու։

Այս մտահոգությամբ տարված Եվրոպան կամ պետք է անդամատե Թյուրքիան՝ ամեն պարտքատերի մի մասը տալով, կամ պետք է հաստատ է մի հսկողություն նրա ներքին կարգերի վրա, որ կարող է կամ լինել միջազգային կամ առանձնական՝ ամեն պետության հատկացնելով մի որոշ շրջանի վերահսկողություն։

Այս է պատճառը, որ երբ խոսք է լինում Ռուսաստանի հովանավորության հայաբնակ նահանգներին կամ նրանց տիրապետության մասին, եվրոպական մամուլի մեջ չեն լսվում վայնասուններ, ընդհակառակը համակիր շշուկներ են սպրդում մեր պետության հասցեին։ Այսպիսով Ռուսաստանի, մեծ պետությունների և թյուրքահայերի շահերն այս անգամ ներդաշնակում են իրար և հնարավոր դարձնում համերաշխ գործակցություն ոչ միայն մեծ պետությունների ի նպաստ, այլև հօգուտ Թյուրքիայի և նրա այլազան և այլակրոն ազգաբնակչության, որ դարեր շարունակ տառապել և տառապում է թյուրք ապիկար կառավարության և վայրագ ու վաչկատուն ցեղերի ձեռքին։