Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս բոլոր կշռադատածները անկողմնակալ ընթերցողին բերում են մի համոզման, որ թյուրքահայերի վիճակի բարվոքումը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ։ Եթե մեծ պետությունների համերաշխ ընթացքը շարունակվի և որևէ պատճառով նորից չգժտվեն իրար հետ, այն ժամանակ Թուրքիայի և նրա հետ թյուրքահայերի դատը երեք լուծում կարող է ունենալ և երեք դեպքում էլ բուն Հայաստանի ազգաբնակչության վիճակի բարվոքումը պիտի կապված լինի Ռուսաստանի հետ։

Եթե Թյուրքիան անդամատվի, այն ժամանակ հայկական բարձրավանդակը կանցնի ռուսներին, քանի որ նրանք են այդ շրջանի անմիջական սահմանակիցները։ Եթե հաստատվի միջազգային հսկողություն Թյուրքիայի վրա՝ այն ժամանակ հայաբնակ նահանգների հսկողությունը կանցնի ռուսներին նույն հիմնական պատճառով։ Եթե մինչև իսկ հայերին տրվի ինքնուրույնություն, այդ դեպքում էլ նա կդրվի Ռուսաստանի հովանավորության տակ։

Այսպիսով ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում թյուրքահայ ժողովրդի բախտը կապված է Ռուսաստանի հետ։ Այս հանգամանքը չպետք է աչքաթող անեն ոչ ռուսահայերը և ոչ թյուրքահայերը և պետք է շարժվեն սրա համեմատ։

Հորիզոն, 1912, №№ 250, 259


Քաղաքացիական պարտականությունը

Լուրերին նայելով հայ նորակոչ զինվորներն ու սպաները անձնվիրությամբ կռվում են թյուրք զորքի շարքում և դասալիքների մեջ հայեր չեն պատահում։

Թյուրքահայերը, որ ամենից շատ պատճառներ ունին դժգոհ լինելու թյուրքական հին ու նոր կարգերից, որ ամեն տեղ խոսքով, թե գործով հայտնել են իրենց բողոքն ու դժգոհությունը այդ կարգերի դեմ, այսօր երբ վտանգ է սպառնում Թյուրքայի գոյության՝ արիությամբ մարտնչում են նրա թշնամիների դեմ և մեռնում են պատնեշի վրա։

Միաժամանակ բոլգարահպատակ հայեր կռվում են բոլգար զորքի շարքերում թյուրք զորքերի դեմ և նույն արիությամբ նպաստում են իրենց հովանավոր ու պաշտպան պետության ընդհանուր գործին։

Մի քանի տարի է արդեն, որ պարսկահայերը կռվում են պարսիկ զորքի շարքերում այդ երկրի սահմանադրական կառավարության համար նրա թշնամիների դեմ։