Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չենք խոսում Ռուսաստանի մասին, որի դրոշակների տակ հայերը հավատարմությամբ կռվել են ռուսաց պետության թշնամիների դեմ. այդպես է եղել անցյալում, ու այդպես կլինի և այժմ, եթե առիթը ներկայանա։

Այս երևույթը շատերի զարմանքը կարող է շարժել, շատերին դժգոհության առիթ տալ և շատ կարճամիտների հիմք ծառայել՝ անհամակիր գույներով ներկայացնելու հայի նկարագիրը։

Բայց այն, ինչ շատերին կարող է թվալ նկարագրի բացակայություն և անհամակրելի մի գիծ, մեզ համար մի ապացույց է հայի քաղաքական հասունության։

Նա միշտ դժգոհել է այն անարդար կարգերից, որոնց մեջ պատմությունը նրան դրել է ապրելու, բայց երբեք չի դավաճանել այն պետական կազմին, որքան էլ վատ լիներ այն կազմը, եթե նրան սպառնացել է մի հարևան պետություն։

Սրանից է առաջ գալիս այն զարմանալի երևույթը, որ հայն ամեն տեղ համարվել է հեղափոխական և միաժամանակ հավատարիմ քաղաքացի. այս է այն ապշության պատճառը, որի մեջ ընկնում են մեր բնակած վայրերի շովեն հայրենասերները, երբ նկատում են հայերին ընդդիմադիր բանակում և միաժամանակ հայրենի զորքերի շարքում՝ ընդհանուր թշնամու դեմ կռվելիս։

Հայերի այս քաղաքականությունը պատմական է և միակ խելացին իր ապրած պայմանների մեջ. նա ամեն տեղ հանդիսանում է հավատարիմ քաղաքացի և ազդակ իր պատկանած պետության քաղաքական առաջադիմության համար։

Չկա այստեղ երկերեսություն, ինչպես կարող են կարծել չարակամ մարդիկ ու տարրեր, այլ ազգային և պետական շահերի խորին ըմբռնում։

Կռիվ պետության ներսը արդարության համար և դուրսը իր պատկանած պետության հաջողության համար - այս է եղել հայերի ավանդական քաղաքականությունը, որ մինչև այսօր էլ շարունակում է մնալ միակ խելացին։

Ոչ մի տեղ նա չի դավաճանել և չպիտի դավաճանի իր հայրենիքին, եթե չի ուզում արհամարհանքի արժանանալ բոլոր հայրենիքներում։

Ռուսաստանում նա եղել է և պետք է լինի հավատարիմ ռուս քաղաքացի, Թյուրքիայում՝ հավատարիմ օսմանցի և Պարսկաստանում՝ հավատարիմ իրանցի։

Ուրիշ ամեն վերաբերում կլիներ դավաճանություն իր պատկանած պետության և իր ազգային շահերին և արժանապատվության։

Հորիզոն, 1912, № 255