Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Փարպեցիի Պատմությունը

Իսկապես Վահան Մամիկոնյանին պարտական ենք Ղազար Փարպեցիի Պատմությունը։ Ոչ Փարպեցին ինք անձամբ և ոչ իր գնահատողները ու պարսավողները զայն համարած են հեղինակ։ Իր առաջին գնահատողներեն մեկը - իր Թղթի հառաջաբանը գրողը, որ ժամանակակից կթվի - անոր վրա կհիանա իբր բարձր ուսումնականի և նշանավոր վարդապետի. ժամանակի կաթողիկոսը իբր եկեղեցիի զարդ կհամարե զայն։

Տիրող կղերը որևէ պաշտոն չէ տված անոր, իսկ ինքը իբր վանահայր աշխատած է մեծ եռանդով, անարժան համարելով իր անձն ապրելու, եթե չկարենար Էջմիածնի նորոգված վանքը կարճ ժամանակվան մեջ հասցնելու երկու հարյուր տարվան վանքերուն ճոխության։

Պիտի մոռցվեր այսպես աննշան, եթե Վահան չօգտագործեր անոր գիտական պատրաստությունը և բնատուր կարողությունը։ Վահան ինքը որոշած է Փարպեցիի պատմության նյութը, ծավալը, նպատակը։ Նյութը պետք է ըլլար «աճեցնել» Հայոց պատմությունը՝ շարունակելով Փավստոսի թողած տեղեն. ծավալը՝ Հայաստանի բաժանումեն մինչև Վահանի մարզպանության օրը. բովանդակությունն ու նպատակը՝ «բազում զգուշութեամբ գրել և կարգել մի ըստ միոջէ զամենայն զհոգևորացն զառաքինութիւնս և զորաց քաջաց «զլաւութիւնն». որպեսզի հոգևորականները լսելով իրենց նմաններուն բարի վարքը, աշխատին անոնց ճգնության նմանիլ, իսկ քաջերը լսելով նախնի քաջերու գործերը՝ ավելցնեն իրենց քաջությունը և անվանի հիշատակ թողուն թե իրենց անձի և թե ազգին։ Իսկ ծույլերն ու վախկոտները լսելով ուրիշներու հասցեին եղած պարսավը՝ բարի նախանձի գալով ջանան լավանալ։

Վահան լավ ծանոթ կերևի Փավստոսի Պատմության և կուզե, որ Փարպեցին անոր նման պատմություն մը գրե, նույնատեսակ բովանդակությամբ և նույն նպատակով։ Այս առաջարկին ուժ տված են նաև ուրիշներ։ Փարպեցին կըսե՝ թե հանձն առի այս գործը «հրամանաւ իշխանաց և սուրբ վարդապետաց»։ Իշխանները հավանորեն Կամսարականներն էին և Վահանի եղբայրները, իսկ վարդապետները հավանորեն անոնք էին, որ, ժամանակի կաթողիկոսին պես թեև կգնահատեին Փարպեցիին արժեքը, բայց չէին համարձակեր պաշտպանել հայտնապես։

Թե ե՞րբ սկսած և ե՞րբ ավարտած էր իր պատմությունը, հայտնի չէ։ Անշուշտ հալածանքներե հետո, այսինքն 490-են վերջ, քանի որ Մանդակունին