Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հազիվ թե մի ժողովուրդ ավելի հուսալից դիմավորե նոր տարուն, քան հայությունն այս տարի։ Ամբողջ հայությունը, ուր էլ ապրում լինեն նրա անդամները, լցված է մի հուսալից կամ վարանոտ սպասումով։ Հայոց հարցը, որ մոռացության խավարից իրերի բերումով լույս աշխարհ եկավ, գամել է ամենքի ուշադրությունն իր վրա։

Տասնյակ տարիներ ժողովուրդն ինքն էր այդ հարցը թարձրացնում մեկ մորթվողի աղաղակով, մեկ բողոքի որոտով։ Այսօր դիվանագիտությունն ինքն է յուրացնում խնդիրը և հայությունը նպաստում է միայն շահագրգիռ պետություններին։

Մի ժամանակ դեռ շատ վառ էր չփորձված հավատը հայ առաջադեմ տարրերի մեջ, բայց դիվանագիտությունն էր անհամերաշխ ու անբարյացկամ, այսօր դիվանագիտությունն է խնդիրն իր ձեռքն առել, բայց հավատն է պակասում հայության։

Մի ժամանակ հայերը երազում էին փրկություն և ստացան արյուն ու ավեր. այսօր սպասում են մահ ու կողոպուտ և կարող են փրկություն ստանալ։

Կյանքի և մահվան այս տարուբերումը, հույսի և հուսախաբության այս ապրումները, ոմանց հավատը, շատերի վարանքը և ավելի շատերի թերահավատությունը մի անսովոր գունավորումն են տալիս մեր անցին հին տարուց Նորին։

Որքան շատ բան կարող է տալ այս տարին մեր տառապյալ հայության և միաժամանակ որպիսի հուսախաբություն ու վհատություն կարող է բերել...

Կարող է մոխիրների տակից վերընձյուղել հին քաղաքակրթության մի դարավոր և դեռ ապրուն կոճղ, կարող են նրա ծիլերը նորից քշտվել և թրջվել նրանց խնամողների արյունով։

Կարող է ավեր ու կոտորածից ահաբեկ մի ժողովուրդ ստանալ մարդկային տարրական իրավունքներ. կարող է սրախողխող լինել և հալածական իր դարավոր հայրենիքից։

Ժողովրդի քրտինքով մշակված արտն ու այգին կարող են պտուղ բերել իրենց տիրոջ համար, կարող են դառնալ հուրի և կացնի ճարակ և աշխատավորին թողնել սովամահ ու բնավեր։

Վերջապես ռուսահայերս կարող ենք ազատվել այն ծանր մղձավանջից, որ կոչվում է թրքահայոց անապահով կացություն և դառնալ