Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշ բռունցք հայ ազգայնության դեմ։

Մեկն ասում է. թող հայն ապրի, որ մտածել կարողանա հայ ապրելու մասին, մյուսն ասում է, թող հայն ապրի, բայց հիմիկվանից մտածե հայ ապրելու մասին։

Նայած թե մարդ այս երկու հոսանքներից որով է գնում, դրան համապատասխան էլ հայացք ունի հայոց հարցի մասին։ Ոմանց համար հայոց հարցը կոտորածի և ավարի հարց է միայն. ոմանց համար՝ և կոտորածի, և հայ ազգության։

Դրա համար էլ ոմանք ցանկանում են հայության ֆիզիկական գոյությունն ապահովել, ինչ ձևով էլ լինի, իսկ ոմանք և ֆիզիկական գոյությունը, և ազգայնությունը, այդ նպատակին նպաստավոր ծրագիրներ ու լուծումներ որոնելով։

Հայ մտայնության այդ երկու հոսանքները տարբեր վերաբերում ունեն նաև դեպի հայության ներքին ուժերը և ինքնապաշտպանությունը։ Ոմանք հավատում են հայի ազգայնության ուժին և կարծում են, որ նա կարող է տոկալ ամեն տեսակ պայմաններում, միայն թե ազգն ազատ լինի ֆիզիկապես բնաջնջվելու վտանգից. մյուսները կարծում են, որ հայն իր ֆիզիկական գոյությունը կարող է պահել զինված ինքնապաշտպանությամբ, բայց իր ազգայնությունը պահել ու զարգացնել կարող է ոչ ամեն պայմաններում։

Այս հոսանքներն իրար կասեցնող չեն. նրանք գալիս են տարբեր աղբյուրներից կազմված, բայց բոլորն էլ մեր իրականության լեռներից են բխում և միանալով կարող են կազմել մի հզոր գետ։ Երևույթը նույն է, բայց նրան նայում են տարբեր կողմերից։ Պետք է այս երևույթը գիտակցել և ազգովին մի տեսակետ ընդգրկել, որ և կլինի երկուսի համադրությունը։

Այս հնարավոր է այն ժամանակ միայն, երբ հայոց հարցը քննության առնվի իր բովանդակ ծավալով, առանց ներկայից ահաբեկվելու և ապագային վարդագույն հույսեր կապելու, այլ լրջմիտ հանդարտությամբ կշռադատել հարցի հնարավոր լուծման բոլոր թեր և դեմ կողմերը և միջազգային քաղաքական ուժերի փոխադարձ հարաբերությունները ու գտնել մի լուծում, որ լիներ տեսականորեն գոհացուցիչ և գործնականորեն հնարավոր։

Բոլոր ծրագիրների հիմքը պետք է կազմե մի գերագույն մտածում ապահովել հայության կյանքն ու ազգայնությունը այսօր և ընդմիշտ։

Հորիզոն, 1913, № 17