Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հայոց հարցի ներկա վիճակը

Այն հետաքրքրությունը, որ քաղաքական շրջանակներում արթնացել է դեպի հայ դատը, վերջերս համարյա չքացել է։ Ոչ պաշտոնական մամուլը դեռ տպագրում է լուրեր ու հոդվածներ հայոց հարցի մասին, բայց այդ մամուլի կարծիքը վճռական նշանակություն չունի հայ դատի համար։ Նա պատրաստում է մի բարյացակամ մթնոլորտ հայ դատի լուծման համար և դրանից այն կողմը չի անցնում ոչ նրա դերը, ոչ պարտականությունը և ոչ իրավասությունը։

Հայ դատի լուծման բանալին գտնվում է ոչ թե մամուլի, այլ պետությանց և նրանց դիվանագետների ձեռքին, իսկ նրանք այսօր հետաքրքրված են ուրիշ կարգի խնդիրներով և հայոց հարցը մնում է մեկուսի։

Այս փաստի հանդեպ պե՞տք է արդյոք նստենք անմխիթար և ընդունենք, թե մի անգամ ևս հայերին խաբեց եվրոպական դիվանագիտությունը։ Կարելի էր այդպես մտածել ու զգալ, եթե այս հետաքրքրության թուլացումը նկատենք տևական և ոչ ժամանակավոր։

Բայց հայոց հարցը լքված չէ առմիշտ, այլ մի որոշ ժամանակով։ Եռյակ համաձայնության ներկայացուցիչները հայտնել են պատվիրակներին, թե վայրկյանը նպաստավոր չէ հայ դատի հաջող լուծման համար, որ Բալկանի պատերազմից հետո միայն հնարավոր է դնել հայոց հարցն իր բովանդակ ծավալով և լուծել հայերին նպաստավոր եղանակով։

Արևելյան հարցը լուծվում է մաս-մաս։ Այսօր Մակեդոնիայի խնդիրն է հրապարակի վրա, պատերազմը ծագած է նրա առիթով և դիվանագետները նրանով են զբաղված։ Խճողել այդ խնդիրը հայ դատի նման մի ուրիշ դժվարալույծ խնդրով, նշանակում է վնասել մի հարցի լուծման, առանց մյուսին նպաստած լինելու։

Դնել մակեդոնական հարցի հետ հայոց հարցը սեղանի վրա, նշանակում է դնել Թյուրքիայի տիրապետության հարցն առհասարակ, մեծացնել Տաճկաստանի ընդդիմության ուժը և միջազգային հակամարտությունը հրահրել։

Խնդիրն այսօր վերաբերում է Մակեդոնիային և Էգեյան ծովի կղզիներին. այս խնդրի հաջող լուծմանը նպաստելու համար ավելի քան կես միլիոն մարդ կանգնած են զենքի տակ և չնայած դրան՝ մեծ պետությանց միջև հազիվ հնարավոր դարձավ ստեղծել մի ոչ-ամուր համաձայնություն