Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և մշակել մի հավաքական դիմում Թյուրքիային, որ ավելի խորհրդի, քան սպառնալիքի բնույթ ունի։

Ո՞րքան ավելի պիտի մեծանա հակամարտությունը, եթե եղած հացի վրա գա և բարդվի աշխարհի ամենակնճռոտ հարցերից մեկը՝ հայոց հարցը։ Եթե այսօր, երբ խնդիրը վերաբերում է Թյուրքիայի մի մասին՝ այնքան դժվար ու վտանգալից է դիվանագիտական ուղին, ո՜րքան ավելի խոչ ու խութեր պիտի կանգնեն նրա ընթացքի առաջ, երբ խնդիրը հասնի համարյա ամբողջ Թյուրքիային։ Մակեդոնական խնդրի կարգադրության մեջ այսօր մեծապես շահագրգռված է եռյակ զինակցությունը. վտանգվում են Ավստրիայի տենչերը, Իտալիայի նկրտումներն Ալբանիայի վերաբերմամբ և գերմանական արշավի ապագան։ Մի անգամ որ խաղաղության դաշնագրով այս խնդիրները կարգադրվեն՝ քաղաքական երկնքի մի մասը կպարզվի և շանթերով հղի ամպերը կկուտակվեն Հայկական բարձրավանդակի վրա։

Եռյակ զինակցության կենտրոնը այսօր կազմում է Ավստրիան, որովհետև նա է ամենից շահագրգռվածը Մակեդոնական խնդրում, վաղը հայոց հարցն հանդես գա իբր ուրույն քաղաքական խնդիր՝ այդ կենտրոնը կազմելու է Գերմանիան։

Եռյակ համաձայնությունը մասնատելով արևելյան հարցը, դրանով թուլացնում է ընդդիմությունը։ Եթե մակեդոնական և հայկական խնդիրները միասին դրվեին քննության՝ այն ժամանակ եռյակ զինակցությունը իր դեմ կունենար երկու մեծ ախոյան՝ հավասարաչափ շահագրգիռ Ավստրիան Մակեդոնիայի և Գերմանիան՝ Անատոլիայի պատճառով։ Մինչդեռ հարցը մաս-մաս լուծելու եռյակ համաձայնությունը ամեն անգամ իր դեմն ունի թեև նույն եռյակ զինակցությունը, բայց ամեն անգամ նրանցից մեկն է առանձնապես շահագրգռված։

Յուրաքանչյուր քաղաքական մարմնի ընդդիմության չափը ուղիղ հարաբերական է իր ուժին։ Թյուրքիան այսօր դեռ բավականաչափ ուժեղ է ընդդիմանալու թե դաշնակից մանր տերության գրոհին և թե եվրոպական դիվանագիտության ստիպումներին։ Այդ ուժի աղբյուրը ոչ միայն իր զորքն է, այլև մեծ պետությանց ներքին խուլ պայքարը։

Բալկանյան պատերազմի վախճանից հետո, երբ Թյուրքիան տարածությամբ փոքրանա, ընկնի ռազմապես և համարյա անարժեք դառնա քաղաքական նշանակությամբ՝ նրա դիմադրական ուժը կպակասի և նա ստիպված կլինի ավելի դյուրությամբ զիջումներ անելու, քան տրամադիր է այսօր։