Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս բոլոր նկատումներով հայոց հարցի լուծման հետաձգումը չպետք է լքում առաջ բերե հայության մեջ։ Պատերազմից հետո պայմանները շատ ավելի նպաստավոր կդառնան։ Ավելի դյուրին է մի խնդիր լուծել, քան երկու խնդիր միաժամանակ, ավելի ձեռնտու է հակառակորդ դաշնակիցների շարքում զորեղապես շահագրգռված մի պետություն ունենալ, քան երկու, ավելի դյուրին է հաղթահարված պետության հետ հաշիվ կարգադրել, քան դեռ չընկճված մի կառավարության հետ։

Այսպես, ուրեմն, հայ դատի լուծման հետաձգումը ոչ թե աննպաստ, այլ նպաստավոր պարագա պետք է նկատել։

Հորիզոն, 1913, № 32


Վրաց մտավորականությունը և թյուրքահայերը

«Հորիզոնի» այսօրվա համարում տպված մեր թղթակցի վրաց մամուլից արած քաղվածքները չափազանց ուշագրավ են։ Այդ հատվածներով մեր առաջ պարզվում է ոչ միայն վրաց մտածող դասի վերաբերմունքը դեպի թյուրքահայերը, այլև ցուցադրվում է մեր հարևանների մտածելակերպը դեպի առհասարակ մարդկային տառապանքը։ Օտար կյանքի ցավոտ կողմերը քննության նյութ դարձնելը շատ անգամ կարող է իսկական մասշտաբ հանդիսանալ պատկերացնելու քննողի հոգին։

Վրաց շովինիստների մասին առաջին անգամը չէ, որ խոսք է լինում հայ մամուլում. նրանց մասին գրված է դեռևս մեր նախորդ սերունդների ժամանակներից. մի բան, որ այսօր էլ նույնն է մնացած՝ դա խնդիրների միակողմանի լուսաբանությունն է. փոխվողը մարդիկ են եղած և մեկ էլ փաստերը։

Ո՞ւմ չէ հայտնի, որ շովեն միտքը նեղ ու սահմանափակ լինելուց առաջ մեծապես չարակամ է. և թե ներքին կյանքի խնդիրներում, թե օտար կյանքից վերցրած փաստերի դիմաց նա միայն մի տեսակետի վրա է կանգնած՝ «սնափառ ազգայնության»։ Ապագան թողած, նրա երազանքների ու ապրումների առարկան միշտ էլ անցյալի փառքն է եղած, որոնումների աղբյուրը միշտ հինը, հայրերի գործերը. այդ է պատճառը, որ ժամանակակից հարցերն ու պրոբլեմներն իսկ նրանց ձեռքի տակ փոխվում են հնի և դրվում են նոր խոսքերով ու ձևերով։

Շովեն միտքը՝ որպես դաստիարակ՝ մեղկ է, իսկ որպես գաղափարներ ծնող՝ անզոր. այդ անկարության էլ պիտի վերագրել և նրա դյուրագրգռությունը,