Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ գտնված հողն այնքան քիչ է, որ ինտենսիվ երկրագործությունը կարող է միայն որոշ չափով մեղմել սակավահողության չարիքը, բայց վերացնել չի կարող։

Այսպիսի պայմաններում հասկանալի է, իհարկե, որ հայ գյուղացին պետք է ստիպված լինի թողնել իր օջախը և դիմել այնտեղ, ուր նրա աշխատանքը գործադրություն է գտնում և արժեքավորվում։

Տնտեսական պատճառի հետ միասին, թեև նրանից ավելի պակաս ուժով, գաղթականության դրդում են հայ գյուղացիներին և քաղաքական ու սոցիալական պատճառները։ Տգետ պաշտոնյաների կամայականություններն ու կոպտությունները մի կողմից, զանազան բեկերի ոտնձգությունները երկրորդ կողմից և գյուղական կուլակների դավերը երրորդ կողմից ստեղծում են գյուղում մի անտանելի մթնոլորտ, որի մեջ իր իրավունքները պաշտպանելու անկարող, բայց և սողալու սովորություն չունեցող մարդը դժվարությամբ կարող է ապրել։ Իսկ այստեղից հասկանալի է, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է թողնի այդ մթնոլորտը և օտարության մեջ հանգիստ կյանք փնտրի։

Վերոհիշյալ տնտեսական-սոցիալական-քաղաքական պատճառներից առաջացած գաղթականության առաջն առնելու համար դիմել քարոզների և հորդորների՝ անմտություն կլիներ, իհարկե։ Այսպիսի գաղթականության դեմ կռվելու համար պետք է չեզոքացնել նրա իրական պատճառները, այսինքն պետք է աշխատել մի կողմից՝ ընդլայնել գյուղացու հողը, ինտենսիվ դարձնել նրա տնտեսությունը, ինքնօգնության ընկերակցությունների միջոցով ազատել նրան վաշխառուների և զանազան գյուղական տզրուկների ճիրաններից և մյուս կողմից՝ զարգացնել նրա իրավազգացողությունը, որպեսզի նա կարողանա դիմագրավել վարչական ապօրինություններին, բեգական ոտնձգություններին և գյուղական կուլակների մեքենայություններին։

Սակայն այն գաղթականությունը, որ դեպի Ամերիկա է ծայր տալիս, արդյունք է ոչ միայն վերոհիշյալ տնտեսական և սոցիալ քաղաքական պատճառների, այլև այն տգիտության, որ ունի մեր գյուղացին Ամերիկայի կենսական և հասարակական պայմանների մասին։

Ամերիկայում, շնորհիվ մեքենական արդյունաբերության զարգացման, աշխատանքը այնքան պարզ մասերի է բաժանվել, որ վարժված բանվորների կարիքն այստեղ գրեթե այլևս չէ զգացվում։ Շնորհիվ այդ աշխատանքի բաժանման և կազմակերպության, կիսապուշ նեգրերն էլ այնտեղ կարողանում են ամենաբարդ և ամենանուրբ ապրանքներն արտադրել։