Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշվով, մեր գյուղացուն առաջարկվող աշխատավարձը այն չէ լինելու, ինչ որ թվում է նրան այստեղ։

Այս հարևանցի դիտողություններն էլ բավական են համոզելու, որ Ամերիկան այն դրախտը չէ, ինչ որ երևակայում է հայ գյուղացին, իսկ եթե սրա վրա ավելացնենք լեզվի անգիտությունը, երկրի օտարությունը, զանազան խաբեբաներից պաշտպանվելու անկարողությունը և այլն և այլն, կտեսնենք, որ այդ երևակայական դրախտը մի իսկական դժոխք է լինելու նրա համար։

Մենք կարծում ենք, որ մեր գյուղական ազգաբնակությանը պարզելով այս հանգամանքները, կարելի կլինի հակազդել ամերիկական հրապույրներին և այս տնաքանդ գաղթականության առաջն որոշ չափով գոնե առնել։ Եվ մեր գյուղական ինտելիգենցիան չպետք է թերանա իր պարտքը կատարելու։ Հրապարակական դասախոսությունների, մասնավոր զրույցների և համապատասխան ընթերցանության միջոցով նա պետք է ցրե այս «ամերիկական դրախտի» իլյուզիան մինչ այն աստիճան, որ մեր գյուղացին գերադասեր իր «ծանոթ ցավերին» հանդուրժել նորից, քան թռչել դեպ նոր և անհայտ ցավեր։

Հորիզոն, 1913, № 71


Գերմանիան և հայոց հարցը

Գերմանական պառլամենտում արտաքին գործոց նախարարության նախահաշիվը քննելիս՝ նույն գործոց ստատս-սեկրետար Եագովը, խոսելով Գերմանիայի վերաբերումի վրա դեպի պետությունները և միջազգային խնդիրները, Թյուրքիայի մասին ասել է հետևյալը. «Տաճկաստանը, թեև ծանրապես վիրավոր՝ պատվով դուրս կգա կռվից ու, թեկուզ և պարփակված իր ասիական կալվածներում՝ լայնարձակ դաշտ կգտնե իր ուժերի նոր գործադրության համար։ Մենք հույս ունենք, որ առաջիկա բանակցությանց ժամանակ առիթ կունենանք նպաստելու, որ Թյուրքիան դժվարության չհանդիպե այդ խնդիրն իրագործելիս»։

Չափազանց նշանակալից է այս բացորոշ հայտարարությունը, որ անում է մի պաշտոնական անձնավորություն մի երկրի ընտրյալ ներկայացուցիչների առաջ։ Այս հակիրճ բառերի մեջ կա մի ամբողջ ծրագիր։ Գերմանիան սրանով անդարձ կորած է համարում Թյուրքիայի համար նրա եվրոպական նահանգները։ Մխիթարում է պարտված Թյուրքիային ապագա գործունեության հեռանկարով՝ Ասիական Տաճկաստանում։