Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայտնում է իր հավատը նրա ապագայի վերաբերմամբ, խնդիր չէ՝ անկեղծորե՞ն հավատացած իր ասածին, թե ոչ։ Եվ խոստանում է իր աջակցությունը Թյուրքիային ապագա բանակցությունների ժամանակ։

Երբ Թյուրքիան ամփոփվի Ասիայում, նրա գործերին առավելապես միջամտելու իրավունք ու առիթներ կունենան նախ՝ եռյակ համաձայնությունը և ապա Գերմանիան՝ Բաղդադի երկաթուղու հետ կապված շահերի հետևանքով։ Դեռ Թյուրքիան Եվրոպայից փաստորեն չի քաշվել Ասիա, Գերմանիան արդեն շտապում է իր բարյացակամությունը դեպի նա հրապարակորեն վկայել։

Եվ հասկանալի են այս վերաբերումի դրդիչ պատճառները։ Գերմանիային պետք է Թյուրքիայի բարեկամությունը շահել՝ եռյակ համաձայնության դեմ իր շահերը պաշտպանելու համար։ Իր դաշնակիցները առաջվա նման ուղղակի շահագրգռված չէին Թյուրքիայի ապագա վիճակով, մանավանդ որ նրանք ստացել են որոշ գոհացում։ Իտալիան ձեռք է բերել Տրիպոլիտանիան, Ավստրիան միացրել է Բոսնիան և Հերցեգովինան։ Բացի այդ ստեղծվում է ինքնավար Ալբանիա, որից շահվողները դարձյալ այդ երկու պետությունները պիտի լինեն։ Մինչև իսկ Բալկանի մանր տերությունները տեր են դառնում ընդարձակ տարածությունների և միայն Գերմանիան է, որի ձեռքը նոր բան չի ընկնում բացի Բաղդադի երկաթուղին։ Նրան մնում է բարեկամ լինել Թյուրքիային՝ ապագա շահերի ակնկալությամբ...

Այսպիսի ընթացք մշակելով Թյուրքիայի վերաբերմամբ, Գերմանիան պետք է աշխատի պաշտպանել Թյուրքիայի շահերը Ասիական նահանգներում և այդ շահերը հասկանա թյուրքերի նման։ Այս նմանությունը կարող է այնքան հեռու գնալ, որքան չի վնասի Գերմանիայի սեփական շահերին. ու եթե թյուրքերը դեմ են Հայաստանի ինքնօրինության՝ Գերմանիան չէ, որ նրան խորհուրդ կտա կամ կստիպե տալ այդ ինքնօրինությունը հայերին։

Թյուրքերի կողմը տաշելու քաղաքականությունը նրան դրդելու է համակերպել Տաճկահայաստանի քաղաքական հայացքներին՝ Թյուրքիայի ներքին գործերի վերաբերմամբ։ Սրա անմիջական հետևանքը այն կլինի, որ Գերմանիան ամեն կերպ կընդդիմանա Հայաստանի ինքնօրինության, եթե եռյակ համաձայնությունը մտածե երբեք կատարել իր խոստումը և բարձրացնել հայոց հարցը բալկանյան պատերազմի հաշվեհարդարից հետո։

Եվ գերմանական քաղաքականության զուգահեռ՝ մենք տեսնում ենք նաև գերման ընտրյալների կարծիքը, որ նույնպես աննպաստ է հայոց