Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հյուսիսային մասը։ Վերջին կետը կախված կլինի այն հանգամանքից, թե քանի՞ շերտ պատվար կուզի քաշել Անգլիան Ռուսաստանի դեմ՝ Միջագետքի իր հարուստ կալվածները պաշտպանելու համար։

Անատոլիան կմնա թյուրքերին, ելք ունենալով դեպի Միջերկրյան՝ Մերսինից արևմուտք։ Այդ երկիրն է եղած թյուրք ցեղի բնակավայրը և զորության օրրանը, այդտեղից է նա արշավել աշխարհի չորս կողմը հրով ու սրով և նույն տեղը պիտի դառնա ապրելու մի նոր կյանքով՝ զուսպ ու համեստ։ Եվրոպական Թյուրքիայի մնացորդը, Պոլիսն ու նեղուցները դուրս կգան նրա ձեռքից, որովհետև Պոլսի տերը չի կարող աննշան մի տերության լինել, իսկ Համաձայնությունը չի կամենում հանդուրժել հզոր Թյուրքիա։ Հայաստանն ևս չի կարող մնալ թյուրքերին, որովհետև դրանով հայոց հարցը չի ստանա բավարար լուծում և սպառնալիք կմնա միջազգային խաղաղության համար։

Բացի այդ՝ պատերազմի նպատակների մեկին՝ փոքր ազգերի իրավունքի ճանաչման՝ աղմկաշունչ հակասություն կլինի զրկել մի ժողովուրդ ինքնօրեն գոյության իրավունքից, որին նա ձգտել է տասնյակ տարիներ, որին ձգտում է այսօր և որի ձգտումը օրինավոր և արդար է ճանաչել ինքը Համաձայնությունը։

Մնում է Պոլիսը, նեղուցներն ու եվրոպական Թյուրքիան և Հայաստանը։ Ֆրանսիան և Անգլիան չեն կարող տիրանալ դրանց, եթե կամենան իսկ։ Բավական չէ ունենալ մի երկիր, պետք է նաև պաշտպանել կարողանալ։ Հայաստանը պաշտպանելու համար՝ լինի Ֆրանսիան, թե Անգլիան՝ պետք է տեր լինեն բովանդակ Միջագետքին կամ Սիրիային, որ ծովի վրայով կապ պահեն այդ երկրի հետ։ Այդ երկուսից և ոչ մեկին չի կարող բաժին ընկնել Հայաստանը, որովհետև դրանով խախտված կլինի բաժինների համաչափությունը։ Սիրիա և Հայաստան, կամ Միջագետք և Հայաստան շատ խոշոր բաժիններ կլինեն Ռուսաստանի ստանալիքի համեմատությամբ։ Այդ տեսակ բաժանման արգելք կհանդիսանա և Անգլիայի մշտական ձգտումը՝ սահմանակից չլինել Ռուսաստանին։

Նեղուցներն ու Պոլիսն ևս չեն կարող անցնել Ֆրանսիային և Անգլիային, անհնարին կլինի այդ նեղ ցամաքաշերտն ու այդ կարևոր նեղուցները պաշտպանել Ռուսաստանի դեմ, որի զորությունն աճում է օրերով։ Սլավոնական օղակն արևմուտքից ու հյուսիսից կխեղդե Պոլսի տերերին, ինչպես խեղդում է Թյուրքիային, տանելով դեպի կործանում։ Եվ պատմությունը ցույց է տալիս, որ Անգլիան կամ Ֆրանսիան շատ լավ գիտակ են այդ հանգամանքին, նրանք չեն ձգտել տիրանալ