Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պոլսին ու նեղուցներին. նրանք աշխատել են պահել Թյուրքիան, թողնել նրան իր մայրաքաղաքն ու նեղուցները և դրանով արգելք դնել Ռուսաստանի ահավոր աճումին և անխորտակելի ձգտմանը դեպի Միջերկրյան։

Ո՞ւմ պետք է մնա Պոլիսը, նեղուցներն ու Հայաստանը։

II

Պոլիս, նեղուցներ և Հայաստան ամենից ավելի կարևոր բաժինն են Թյուրքիայի ժառանգության, կարևոր մանավանդ քաղաքական տեսակետից և համաձայնության երեք անդամների համար միաժամանակ։ Հայկական բարձրավանդակում հաստատված որևէ մեծ պետություն սպառնալու է Սիրիային և Միջագետքին։ Բաբելոն և Ասորեստան իրենց բովանդակ ուժով անկարող եղան վերջնապես նվաճելու լեռնոտ Հայաստանը, իսկ եթե հայոց լեռների վրա հաստատուն ոտք դնե Ռուսաստանի նման մի հզոր պետություն՝ Սիրիայի և Միջագետքի տերերը միշտ պետք է վտանգված նկատեն իրենց կալվածները։ Եթե այդ ընդարձակ հողերի տերը լիներ Գերմանիան, նա պակաս վտանգված կզգար իրեն, որովհետև սպառնանքի դեպքում կարող էր Ռուսաստանի կողը խթել արևմուտքից։ Ֆրանսիան և Անգլիան այդ նպաստավոր վիճակի մեջ չեն։ Նրանք դիվանագիտական բարդ կապեր պիտի հաստատեն, որ կարողանան Ռուսաստանին սպառնալ որևէ կողմից. նախ մի դաշնակցություն Ֆրանսիայի և Անգլիայի միջև ընդդեմ Ռուսաստանի, ապա այդ երկրի և Չինաստանի ու Յապոնիայի միջև արևելքից և թուլացած Գերմանիայի, Ավստրիայի և Ռումանիայի միջև արևմուտքից, դավեր, Պարսկաստանում և ուրիշ վայրերում անհրաժեշտ կլինեն՝ օտար սահմաններից հարվածելու համար Ռուսաստանին։ Եվ այդ ամենը մի նպատակով, պաշտպանելու Միջագետքն ու Սիրիան Ռուսաստանի գրավման կամ գերիշխանության սպառնալիքից։ Այդ հողերը պաշտպանող բանակները պիտի գան հեռվից, մայր երկրներից, որովհետև գաղութների զորքով անհնարին կլինի կռվել Ռուսաստանի պես մի հզոր ցամաքային պետության դեմ։ Ֆրանսիայի և Անգլիայի զորքերը այսպիսով պիտի գործեն իրենց հանգրվանից հեռու, մինչդեռ ռուս բանակները իրենց հայրենիքից մի քայլ առաջ գալով՝ արդեն մտած կլինեն թշնամու հողը։ Թույլ տալ, որ Ռուսաստանը հաստատվի հայկական բարձրավանդակում՝ նշանակում է վտանգել Սիրիական և Միջագետային կալվածները։

Այսքան կարևորություն ունի հայ ժողովրդի բնավայրը Համաձայնության համար։