Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ քաղաքական կարևորություն ունին Պոլիսն ու նեղուցները նույն Համաձայնության համար։ Հաստատվելով Պոլսում և տեր լինելով նեղուցներին՝ Ռուսաստանը ծովային մեծ պետություն կդառնա։ Սա մի սպառնալիք է Միջերկրականի շուրջը գտնված պետություններին և ամենից առաջ Անգլիային և Ֆրանսիային։ Սպառնալիքը բնավ այն չէ, որ Ռուսաստանը կարող է ձգտել նոր գրավումներ անելու, այլ այն, որ նրա ձայնը միշտ իր բովանդակ ուժով կհնչե աշխարհի գործերը կարգադրելու ժամանակ։ Միջին Եվրոպայի մանր ու խոշոր տերությունները մինչև այսօր պատվար են կանգնել Ռուսաստանի և Միջերկրականի տերերի միջև. Ֆրանսիային, Անգլիային և Իտալիային սպառնալու համար ռուս գորքերը պետք է կտրեին Գերմանիայի և Ավստրիայի լեռները, ձորերն ու հարթավայրերը։ Ծովից նա ոչ ոքի սպառնալ չէր կարող, հարավից նրա առաջքն բռնում էր Բոսֆորը, արևմուտքից՝ Բալթիկի նեղուցներն ու սառույցները։ Տիրանալով Պոլսին իր նեղուցներով՝ Ռուսաստանի զորությունը հնար կստանա լիովին երևան գալու։

Արդ՝ Ֆրանսիան և Անգլիան՝ Իտալիայի և Հունաստանի հետ դաշնակից՝ միշտ կարող են մրցության դուրս գալ ռուս նավատորմի դեմ, եթե սա երևա Միջերկրյա ծովում։

Այսպիսով Ռուսաստանի հետ շատ ավելի հեշտ է մրցության ելնել Միջերկրական ծովի վրա, քան Միջագետքի և Սիրիայի տափաստաններում, հետևապես Հայաստանին տիրելով Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր մրցակից կդառնա, քան Պոլիսն ու նեղուցները գրավելով։ Տիրանալով միանգամից և Պոլսին իր նեղուցներով, և Հայաստանին՝ Ռուսաստանը խախտած կլինի բաժինների համաչափության սկզբունքը և եթե պետք լինի, որ Ռուսաստանը Թյուրքիայի ժառանգությունից իր մատուցած ծառայություններին համաչափ մի բաժին ստանա՝ Ֆրանսիան և Անգլիան ավելի շուտ Պոլիսը կզիջեն իր նեղուցներով, քան Հայաստանը, որովհետև առաջին դեպքում նրանք գործ պիտի ունենան Ռուսաստանի ծովային ուժի դեմ, որին համազոր մի ուժ կարող են երևան հանել, իսկ երկրորդ դեպքում նրա ցամաքային ուժի դեմ, որին դժվար կարողանան հակազդել։ Բացի այդ՝ զիջելով Հայաստանը ռուսներին՝ Ֆրանսիան և Անգլիան գոհացում տված չեն լինի նրանց դարավոր տենչանքին և կենսական պահանջին - ունենալ չսառչող նավահանգիստներ բաց ծովի վրա՝ իբր տնտեսական և ռազմագիտական հենարան։ Մինչդեռ զիջելով Պոլիսն ու նեղուցները՝ դրանով փրկած կլինեն իրենց նոր գրավումները ռուս աշխարհակալության վտանգից։ Պետք է միանգամ ընդմիշտ հասկանանք, որ Ռուսաստանը չի կարոտել