Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ,– դրանց մտրակով պետք է քշեմ։ Եվ քշում է։ Գերի Աշրադը խոստովանում է, թե զորքը չէր, որ նրան հաղթեց, այլ մտրակով ծերունին, և ցանկանում է նրան անձնատուր լինել...

...Օլթու շրջանում հարձակում է թյուրքերի դեմ, հրացանաձիգը քար է որոնում ետևն անցնելու. Քեռին նստած իր ձիուն՝ ղեկավարած է կռիվը թշնամուն ի տես։ Գնդակները սուլում են ականջին, դեռատիները հրավիրում են թագստի, բայց Քեռին հանդարտ ցուցմունք է տալիս. մի անպատկառ գնդակ միայն համարձակում է տողել ձիու փորը...

Եվ որքան նման դիպվածներ... Հասկանալի է այն հմայքը, որ ուներ ծերունին մարտիկների նոր սերունդի մեջ. նրանք տեսել ու լսել կամ զգում էին այն բոցեղեն ոգին, որ ապրում էր այդ գորշ արտաքինով - և նեղությունը ոչ թե խզում, այլ ամուր շղթայում էր խումբն իր անվեհեր խմբապետին...

* * *

Ազգային ավանդությունը մեր նախահորը՝ Հայկին պատկերում էր իբր ռազմիկ ու շինարար, նա կանգնեց Բելի դեմ և շինեց գյուղ և ավան։ Դարերի չարաղետ ընթացքը կործանեց ռազմիկին և անոք թողեց մշակին։ Մարտիկի բազուկը կարկամեց և շինարարի ստեղծագործ կորովը դարձավ մշակի ջանասիրություն, ու խաթարվեց հայի ազգային նկարագիրը։

Հայության զարթոնքի մի կիզիչ տենչ՝ սրբագրելու մեր ազգային նկարագիրը, ալիքաձև անցավ միշտ նոր ու նոր սերունդների երակներով և իբրև մի երազ շողաց Գամառ-Քաթիպայի և Րաֆֆու հոգում ու երկերում։ Ու, վերջապես, «բանն մարմին եղեւ և բնակեցաւ ի մեզ», տալով իր առաջին պտուղները, մարտիկների մեր հին սերունդը։

Դանդադորեն՝ ատելության, ծաղրի ու պարսավի միջով՝ ստեղծվում է կատարյալ հայի տիպար, որ օտարածին չէ, այլ բնածին, հավատարիմ շառավիղ ու պատկեր իր նախահոր, մարմնացում ավանդական, բայց և հավետ գեղեցիկ իդեալի– ժողովուրդ, որ գիտե աշխատել և կռվով ապահովել իր աշխատանքը։ Լինելով հին երազի մարմնացում՝ Քեռին կոչված է օրինակ դառնալու հետնորդ սերունդներին, ինչպես եղավ իր զինակիցներին։ Քեռին վերածնվող հայ ժողովրդի լավագույն և առողջ մարմնացումներից մեկն է։ Հավատարիմ իր ժողովրդին, անձնվեր մարտիկ նրա դարավոր դատի, անծանոթ սահմանափակ նեղամտության, ազատության սիրահար, առանց աղմուկի, համեստ, խոհուն ու խելացի– հեռու սնամեջ կանչերից և իմաստակ դատումներից - նա իմացավ անձնվիրությամբ սիրել իր ազգն, իբր հայ և մարդկությունն՝ իբր մարդ։

Ամբողջական երկեր, հ. III, էջ 326-329