Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է հայորեն ապրել և զգալ։ Քո գործն այնտեղ շատերին կարող է հրահանգել և ավելի շատերին հեռու պահել սայթաքումից։ Այնտեղ պիտի տեսնեն քո շնորհիվ, թե որքան մեծ կարողական փարթամություն կա հայոց գեղջուկ եղանակների մեջ և թե համազգաց վարպետի մի ձեռք, որ քոնն եղավ, որքան դաշնակություն հանած է այդ պարզուկ մեղեդիներից և որքան դեռ կարող է հանվել։ Մեր ձայնը չի հասնում Հայաստան և ոչ նրա ձայնը հասնում է մեզ։ Ով պետք է ներշնչել կարենար նրանց այն գաղափարը, թե այստեղ, մեր մեջ ապրում է մի մեծարժեք երաժիշտ, ամենից հավատարիմը վարպետի աշակերտներից, ամենից հայոգին մեր երգահանների մեջ, որի գործերը պետք է խնամքով հրատարակվեն և որի անձը պետք է համազգային հոգածության արժանանա։ Իցիվ թե այս փառաշուք հանդեսի արձագանքը հասնի Հայաստան և դու, բարեկամ, հրավիրվիս ապրելու այնտեղ, որի մեծարժեք քաղաքացին ես արդեն քո հայեցի հոգով և հայաշունչ գործով։ Այն ժամանակ այս փառաշուք հանդեսը կդառնար մի համեստ նախատոնակ այն մեծաշուք հանդեսի, որ կկազմակերպեր Հայաստանի երաժշտական աշխարհը հայ երգի և դաշնակության վարպետի պատվին։ Ամեն, եղիցի, եղիցի։

Մշակույթ, 1989, № 2-3, էջ 119-120
Մտածումներ ազգի և դավանանքի մասին

Ցրված ենք իրարից հեռու, գաղթաշխարհի մեջ, տարբեր մշակույթների միջավայրում, բայց ունինք ավելի կամ նվազ գիտակցություն մեր ազգային ուրույնության։ Շատերը հայ լուսավորչական են, ուրիշները կաթոլիկ, ոմանք բողոքական, բայց ամենը ավելի կամ նվազ չափով հայ են զգում իրանց։ Այս զգացումը ամեն օր շեշտվում է հակադրությամբը այն միջավայրի, ուր ապրում ենք։ Հալածանք, թե պաշտպանություն միշտ նկատի ունեն հայը, որով նպաստում են մեզ զանգվածների ազգային գիտակցության պահպանումին։ Օտարի վերաբերումը շեշտում է մեր ուրույնությունը, առանց սակայն նպաստելու նրա զարգացման և պայծառացման։ Այս աշխատանքը մենք ինքներս պիտի կատարենք։ Օտարին հակադրվելով՝ մենք ամեն օր զգում ենք, թե հայ ենք, այսինքն ուրույն ժողովուրդ, քան օտարները, բայց մեր հավաքական ճիգով միայն կարող ենք բովանդակություն տալ «հայ» գաղափարին։

Այս աշխատանքը կազմակերպված չէ, մինչդեռ նրա կազմակերպությունը բարձրորեն անհրաժեշտ է մեր ուրույն գոյության համար։ Քանի