Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միայն միատեսակ տենչ ու կամք ստեղծելով զանգվածների մեջ՝ կարելի է կղզիացած հայություն պահել օտար ազգերի ծովերում։ Այսպիսով ազգային գիտակցության պայծառացումը և նրա տարածումը զանգվածների մեջ միակ միջոցն է ազգի պահպանության մինչև այն օրը, երբ բավական ընդարձակ հայրենիք ունենանք, որ կարենա իր տարագիր զավակներն ընդունել և այդ հայրենիքը բավարար պայմաններ ունենա՝ իր զավակներին մարդավայել կյանքով ապրեցնելու։

Այս ուղղությամբ աշխատելու բավական ազդակներ ունենք մեր տրամադրության տակ, որ ժառանգած ենք մեր նախորդներից. եկեղեցին, լեզուն, որ դպրոց ասել է, ազգային ինքնավարության մնացորդներ (սահմանադրություն) և ցեղային զորավոր զգացում, այսինքն՝ հատուկ բարք ու սովորույթ և խորշանք օտար կենսաձևերից։ Իսկ ազգի գիտակից խավերը այս ամենի հետ ունեն ազգային ուրույն պատմության ծանոթություն և քաղաքական գիտակցություն։

Ժողովրդի զանգվածը իր ազգային եկեղեցու մեջ մնալով՝ արդեն զգում է իր տարբերությունն օտար համայնքներից և այդքանը բավական է իբր հիմք ազգային ավելի բարձր գիտակցության հասնելու և գիտակցական զատորոշման համար՝ օտար զանգվածներից։ Այլադավան հայերի համար հայոց լեզուն բավական զորավոր կապ է իր ազգայնությունը պահելու համար, ուստի անհրաժեշտ է, որ նրանց կրթությունը և պաշտամունքը հայոց լեզվով կատարվին։ Նրանք ձեռքե տված են ազգային եկեղեցին հանուն ազատ և անձնադատ կրոնական մտածման կամ հանուն տիեզերական կրոնական միության, բայց ազգային տեսակետով մեծ չէ այս այլամետ ընթացքը, եթե լեզուն և ազգային միության զգացումը պահվի։ Այլադավան հայությունը իր ինքնությունը պահելով իբր հայաբարբառ համայնք՝ դրանով իսկ նպաստած կլինի ազգային միության։ Այլադավան հայությունը այն ժամանակ վտանգ կդառնա մեր համազգային գոյության, երբ իր հոգու փրկության ներելի մտահոգությանը ստորադասի համայն հայության դատը։ Նրանք, որ դավանանքը գերադասում են ազգից՝ դրանով իսկ քայքայում են ազգային միությունը. նրանք, որ իրենց հոգին փրկելու մտահոգությամբ անտարբեր են դեպի ազգն ու նրա քաղաքական ճակատագիրը՝ դրանով իսկ խորապես եսական են, ապազգային կամ հակազգային։ Աստված ամենագետ է և ամենիմաց. այսպես են դավանում եկեղեցիները, արդ, այն Աստվածը, որ լեզուներ շնորհեց վերնատանը նստողներին՝ դրանով իսկ կամեցավ, որ իր պատգամը հաղորդվի բոլոր ազգերին նրանց սեփական լեզվով։ Աստված կարող է նաև հայերեն աղոթքը լսել և փառավորվել