Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգն իբր հավաքական գոյություն ապրում է այս անցավոր աշխարհում և պետք է որ ապրի մյուս ազգերին նույնիրավ։

Մարդկային մշակույթը՝ լինի կրոն, գիտություն, արվեստ, թե պետություն, բարք թե տնտեսություն, ազգային կերպարանք ունի այս աշխարհում. որդեգրել օտար մշակույթ օտար կերպարանքով ոչ թե ժխտումն է այս ընդհանուր օրենքի, այլ անգիտացումը և ուրացումը սեփական կերպարանքի։ Նա, որ ազգային մշակույթի կրողը չէ, կրողն է այլազգի մշակույթի։ Հավերժություն խոկալով անցավորն անտես անել և անցավոր ձևերի տարբերությանը կարևորություն չտալով սեփականին անփույթ գտնվիլ, նշանակում է ազգային մշակույթը քայքայել, առանց մշակույթների ազգային կերպարանքը վերացնելու, որովհետև մարդկությունը վերացական գաղափար է. կան միայն ազգեր ու ցեղեր իրենց ուրույն կերպարանքով։

Դատողությանց այս շարքից ինքնին հետևում է, որ պետք է ազգային գիտակցությունը պայծառացնել, տարբեր ազդակների դերը ճշտել այս համազգային գործի մեջ և մեր ժամանակի ազգային գիտակցությունը արմատացնել հայության բոլոր խավերի մեջ։ Այդ հնարավոր է միմիայն անդուլ և ծրագրված աշխատանքով, որ պիտի կատարեն բոլոր գիտակից հայերը։

Երկու հիմնական գաղափարներ կան, որ ազգային գիտակցության հիմնաքարերը պիտի կազմեն. կրթություն մայրենի լեզվով, կրթություն ազատության համար, հետևապես, ազգային-քաղաքական տենչերի արծարծում կրթության միջոցով և նոր հայության պատրաստություն։ Նոր սերնդին պիտի ներարկել զորավոր ազգային գիտակցություն քաղաքական իմաստով։ Նրան պետք է ներշնչել, որ ինքը հայ է, ուրեմն տարբեր ազգի զավակ, քան այն մարդիկ, որոնց երկրի մեջ ապրում է այսօր, որ նա ունի մի բնիկ հայրենիք, որ պետք է ազատագրվի։ Նրան պետք է ներշնչել, որ իր ազգը ընդունակ է հանրօգուտ ազգային մշակույթ ստեղծելու, որի ապացույցը տված է դարերի ընթացքին, և որ այդ մշակույթը կարող է զարգանալ և արմատանալ միմիայն ազատ պայմանների մեջ և սեփական հայրենիքում։ Նրան պետք է համոզել, որ այս մեծ գործի համար անհրաժեշտ է, որ նա հայ մնա և հայ պահե իր սերունդը և, եթե ինքն ու իր ընկերները չկարենան ստեղծել ազատ հայրենիք ու պետություն՝ այդ սրբազան տենչը պետք է փոխանցեն իրենց զավակներին։ Պետք է սովորեցնել խստորեն տարբերել ազգությունը դավանանքից, հասկացնելով, թե ազգությունը մեկ է, մինչդեռ դավանանքները կարող են մի քանի լինել, որ կրոնը մարդու կապն է իր Աստծո հետ,