Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ ազգությունը մարդու կապն է իր հայրենիքի և մշակույթի հետ, որ երկուսն ևս նկատի ունեն հավերժական կյանքը, բայց մեկն անձնական կյանքի տևողությունը հանդերձյալի մեջ, մյուսն ազգային կյանքի տևողությունն այս աշխարհում, որ մարդկային ինքնագիտակցության այս երկու ձևերը - դավանական և ազգային - իրար չեն ժխտում իբրև սկզբունք և նպատակ, որովհետև նրանք գոհացում են տալիս տարբեր պահանջների, մեկն անձնական է, մյուսը՝ հանրային. մեկը հավաքում է նույն դավանության անդամներին, մյուսը՝ նույն ազգության զավակներին. դավանական խմբակցությունները միասնական են, ազգը՝ հանրական, դավանական խմբերը ազգի ծոցի մեջ են ապրում և ազգի մասերն են կազմում, մինչդեռ ազգն իր դավանական խմբերով միասին համայն մարդկության մեկ ուրույն անդամն է և պետք է մյուս անդամներին լինի նույնիրավ։ Ազգի քաղաքական նույնիրավությունը, որ ասել է՝ ազգի ազատությունն ու անկախությունը համազգային գործ է և վերաբերում է բոլոր դավանությանց անխտիր, ուստի ազգի քաղաքական ճակատագրի տնօրինումը պետք է լինի ազգի ձեռքին և ոչ նրա դավանությանց պետերի։ Դավանությանց պետերը դավանությանց հետ գործ ունեն և ոչ ազգի լրության։ Նրանց կոչումն է պարզել իրենց հոտի կրոնական գիտակցությունը և ոչ թե վարել ազգի լրության ճակատագիրը։ Ազգային ճակատի ղեկավարությունը աշխարհիկ և քաղաքական գործ է և ոչ հոգևոր-դավանական և ամեն մի հայ դավանապես ստորադաս լինելով իր հոգևոր պետին, իբրև ազգի անդամ՝ պետք է ստորադաս լինի իր ազգության։ Թե՛ ազգ, թե՛ եկեղեցի իրենց պահանջն ունեն մարդուց. այս պահանջներն իրենց խորքի մեջ և էության չեն կարող բնավ իրար հակասել, որովհետև եկեղեցին ազգայնության կրոնական արտահայտությունն է։ Գերազգային եկեղեցիները - ինչպես պապականը,– կարող են վարել տարբեր ազգերի պատկանող մարդկանց խիղճն ու դավանական միտքը, բայց նրանք չեն կարող և պետք չէ վարել այդ ազգերի քաղաքական ճակատագիրը։ Միշտ պետք է հիշել, որ դավանական մաքուր ջրերին հաճախ խառնվում են քաղաքական անմաքուր ջրեր և շատ անգամ դավանակցությունը դարձնում են խարիսխ քաղաքական ազդեցության։ Այս դեպքում ծագում է երկընտրանք - դավանա՞նք, թե՞ ազգություն. այս երկընտրանքի մեջ պետք է հաղթանակե ազգությունը, որովհետև երկնավոր հոր և իր զավակների մեջ չկա և լինել չի կարող քաղաքական հարաբերություն։

Ազգային գիտակցություն մշակել և մշակածը ներարկել - տարբեր գործեր են. մշակումը պետք ունի ստեղծագործ կարողության, իսկ ներարկումի